Իրանցի փորձագետ. Ադրբեջանը ստեղծման օրվանից կեղծել է պատմությունը, իրականացրել` հակաիրանական քարոզչություն
«Արդբեջանի Հանրապետությունում խորհրդային ժամանակաշրջանից սկսված իրականացվում է հակաիրանական և հակաիսլամական քարոզչություն, Իրանի և իսլամի հասցեին շարունակվում են հնչել վիրավորական հայտարարություններ»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Թավրիզում կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, «ԱՐԱՆ» ամսագրի գլխավոր խմբագիր Հասան Գոլին:
Իրանցի փորձագետը նշել է, որ Իրանից անջատվելուց հետո Ադրբեջանում փոխվել են տարածքների անունները, իսլամական օրացույցը, արտադրվել են հակաիրանական բովանդակությամբ բազմաթիվ ֆիլմեր, կեղծվել `պատմությունը:
Հիշեցնենք, որ իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը ևս վերջերս անդրադարձել էր ադրբեջանցիների կատարած զեղծարարություններին, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Ադրբեջանի երիտասարդ սերունդը իր երկրի պատմության վերաբերյալ ունի ոչ ճիշտ և անիրական պատկերացում, և դա է պատճառը, որ նրանք իրենց տեսակետներում պատմական փաստերը ամբողջովին շրջված են ներկայացնում: Ադրբեջանը ջանքեր է գործադրում թե հասարակության, թե միջազգային հանրության կարծիքը շեղելու օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի` Արանի ժողովրդի վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ: Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը և այդ քաղաքականությունն իրականացնելու նպատակով հանրակրթական դպրոցների դասագրքերից հանվել է Արան անունը` փոխարենը զետեղվելով Ադրբեջան անունը»:
Հավելենք, որ «արաննյուզ.իռ» կայքն իր վերջին հրապարակումներից մեկում, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, մասնավորապես նշել էր. «Արան և Շիրվան տարածքներում մինչև Ադրբեջանի Հանրապետություն տեղանվան օգտագործումը, այդ տարածքները դարեր շարունակ պատմականորեն կապված են եղել Իրանի հետ, և միայն իրանական Ղաջարների թագավորության անարդյունավետ քաղաքականության արդյունքում այդ տարածքները, Իրանից անջատվելով, անցան Ռուսական կայսրության տիրապետության տակ:
1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Օսմանյան կայսրությունն իր ազդեցությունն ուժեղացնում է Կովկասում, որտեղ պանթյուրքական գաղափարախոսությունից ելնելով, Մուսավաթական կուսակցությունը 1918թ. պատմական Արան և Շիրվան նահանգներում հռչակում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» կեղծ անունը: Ավելին, Ադրբեջան (Ազարբայջան) տեղանունը պատմականորեն առնչվում է միմիայն իրանական համանուն պատմական տարածքին, իսկ Բաքու քաղաքը իրանական հնագույն քաղաքներից է, որի հիմնադրումը կապվում է Սասանյան դինաստիայի թագավոր Խոսրով Անուշիրվան Առաջին թագավորի կառավարման շրջանի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան