Ծառուկյանի փոխարեն ՀԱԿ-ը ստացավ Կարապետիչին
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր Գ. Ծառուկյանը պատրաստվում է հանդիպել Լ. Տեր-Պետրոսյանի հետ և ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև, հնարավոր է` համագործակցություն լինի` «Голос Армении»-ն կարծիք է հայտնում, որ այդ լուրը Կոնգրեսի հերթական PR ակցիան էր: «Ամեն ինչ արվում է շատ պարզ մեխանիզմով. ՀԱԿ-ը նախապես տարածում է կեղծ լուրը, ապա տպագրում է հերքումը, սակայն միջին ընթերցողի գիտակցության մեջ այնուամենայնիվ տպավորվում է ապատեղեկատվությունը, քանի որ հայ հասարակության մեջ արմատավորված է «առանց կրակի ծուխ չի լինում գաղափարը»»,-գրում է թերթը և նշում, որ իր շուրջօրյա հանրահավաքից հետո, չկարողանալով 4000 հոգուց ավել մարդ ապահովել, Կոնգրեսը որոշել է այլ ճանապարհներով գրավել հասարակության ուշադրությունը:
Հոդվածագիրը նկատում է, որ Տեր-Պետրոսյանի բացահայտ սուտն այն մասին, որ ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքներին 100 հազար մարդ է եղել, էլ ավելի վնասեց ՀԱԿ-ի հեղինակությանը, քանի որ հասարակությունը չի սիրում, երբ իրեն խաբում են: «Առայժմ ՀԱԿ-ին միացած միակ մարդը Տիգրան Կարապետիչն է, այն էլ վերջինս պնդում է, թե միավորվել է ոչ թե Կոնգրեսի, այլ ժողովրդի հետ»: