Իրանական կայք. Ադրբեջանը թալիշների դեմ պատերազմ է հայտարարել
«Ադրբեջանի իշխող վարչակարգը արդեն 20 տարի է, ինչ թալիշների կողմից իրենց ազգային ինքնագիտակցության, պատմության, մշակույթի և լեզվի պահպանմանն ուղղված ջանքերը ներկայացնում է որպես «անջատողական» դրսևորումներ»:
Այդ մասին նշված է իրանական «ղաֆզազ.իռ» կայքում թողարկված «Ադրբեջանը թալիշների դեմ պատերազմ է հայտարարել» վերնագրով հոդվածում:
Իրանական աղբյուրը, հղում կատարելով «թալիշ.օրգ» կայքին, մասնավորապես, գրում է. «Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը թալիշների վերաբերյալ բազմաթիվ անընդունելի և անիրական նյութեր է հրապարակում: Թալիշ մտավորականները գտնվում են հատուկ ծառայության աշխատակիցների հատուկ վերահսկողության տակ, թալիշներին ստիպում են, որպեսզի իրենց ընկերների և ազգականների դեմ ցուցմունք տան, մի խոսքով, եթե թալիշ ես, ուրեմն անջատողական ես»:
Հիշեցնենք, որ, իրանական «արաննյուզ.իռ» կայքը, օրերս անդրադառնալով Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին, գրել էր. «Ադրբեջանում 1.5 միլիոն թալիշներ, հարյուր հազարավոր լեզգիներ, քրդեր են ապրում, որոնցից յուրաքանչյուրը կարող է օգտվել իր ինքնորոշման իրավունքից` անջատվելով Ադրբեջանից:
Նույն կայքի հաղորդմամբ` առաջիկայում Թալիշ-Մուղանյան Հանրապետության հիմնադիր, թալիշ ազգային գործիչ Ալի Աքրամ Գումմատովը, ով Ադրբեջանում բանտից ազատ արձակվելուց հետո ապրում է Արևմուտքում, Իրանի մեծաքանակ թվով թալիշների և ոչ պետական կազմակերպությունների կողմից կհրավիրվի Իրան:
Նկատենք, որ վերջերս Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդրին էր անդրադարձել նաև իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, որի հրապարակումներից մեկում նշվում էր, որ Ադրբեջանում ապրող տասնյակ ազգային փոքրամասնությունների, ինչպիսիք են` թալիշները, լեզգիները, ավարները, թաթերը, և այլն իրավունքները սահմանափակված են: Չնայած Բաքուն ստորագրել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին կոնվենցիան, սակայն պանազերիզմի պաշտոնական քաղաքականության հետևանքով ոչնչացվում են վերոնշյալ ազգերի մշակույթն ու լեզուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան