Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի լիդերները հավաքվում են Արցախում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ շարունակում է իր ջանքերը` խթանելու տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այդ իսկ նպատակով հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Միջոցառման աջակիցներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարությունը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնեցին, որ ֆորումի օրակարգային հարցերից են` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և աշխատուժի զարգացման խնդիրները, ԼՂՀ Տեխնոլոգիական ձեռներեցության ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, տեխնոլոգիական լուծումները ԼՂՀ արդյունաբերության համար, ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները և այլն:
Միջոցառման բացումը կիրականացնի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց 2010 թվականի հոկտեմբերի 9-10-ը: Այն նվիրված էր Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին: «Հիմնվելով նախորդ հանդիպման արդյունքում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ունեցած ձեռքբերումների վրա, մասնավորապես՝ Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, «Ինստիգեյթ», «Լայմ Տեխ», «Յունիքոմփ» ընկերությունների, Նորք Տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը, որոշվեց քննարկել ԼՂՀ տեխնոլոգիական հետագա զարգացման խնդիրները և նպաստել տեխնոլոգիական առաջընթացին»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարոն Վարդանյանը:
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան