Յիրիկյանը հանդիպել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողներին ներկայացրել է ընկերության գործունեության փորձը, կառավարման մշակույթը և կորպորատիվ պատասխանատվության հայեցակարգը: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը խոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաների շուրջ, ինչպես նաև պատասխանել է ներկաների հարցերին:
«Այժմ դուք պատրաստվում եք բուհական լսարանից ոտք դնել «իրական աշխարհ»: Մենք այսօր այստեղ ենք եկել` ձեզ անհրաժեշտ փորձ ու իմաստություն փոխանցելու նպատակով, ինչը կհարստացնի համալսարանում ձեր ստացած գիտելիքները: Այսօր մենք ապրում ենք գիտելիքի էկոնոմիկայի գերակայության ժամանակարշրջանում: Տեխնոլոգիական առաջընթացի տեմպերն ու նշանակությունը գնալով ավելանում են: Իբրև Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, մենք պետք է ներդրումներ կատարենք Հայաստանի բուհական համակարգում` մեր փորձն ու գիտելիքները ուսանողներին փոխանցելու ճանապարհով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Իր մեկժամյա դասախոսության մեջ, որին հետևել են բազմաթիվ հարցեր, Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին ներկայացրեց ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը և կազմակերպության զարգացման դինամիկան:
Շուկայական մրցակցությանը, արդյունավետ մարքեթինգին և ցանցի զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերը նույնպես ներառված էին դասախոսության մեջ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մեկ անգամ ևս հավաստել է, թե որքան շատ է կազմակերպությունը կարևորում դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատակիների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում:
Համալսարանի և ընկերության միջև համագործակցության նոր սկիզբ դրվեց ստորագրված փոխգործակցության հուշագրով: Ստորագրված հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին