Սարկոզի. Հունաստանին Եվրագոտում ընդգրկելը սխալ է եղել
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Եվրագոտու անդամ երկրների նիստից հետո, որի ընթացքում որոշվել էր դուրս գրել Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը, հայտարարել է, թե Եվրամիությունը սխալվել է 2001 թ-ին այդ երկրին ընդգրկելով Եվրագոտու մեջ: Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաընկերությունը:
«Անվանենք իրերն իրենց անուններով. դա սխալ է եղել, քանի որ Հունաստանը հանդես է եկել սխալ ցուցանիշներով և պատրաստ չէր դրան, այդ երկրի տնտեսությունը պատրաստ չէր ինտեգրվելու Եվրագոտուն: Այդ որոշումն ընդունվել էր 2001 թ-ին, իսկ այժմ մենք վճարում ենք դրա համար», - ասել է Սարկոզին:
Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, թե ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել Հունաստանին սատարելու համար, քանի որ այլ ընտրություն չկա:
Հիշեցնենք, Եվրամիության երկրների արտահերթ նիստի ժամանակ, որը շարունակվել է մինչ չորեքշաբթի ուշ գիշեր, համաձայնություն է ձեռք բերվել վարկատու բանկերի կողմից դուրս գրել Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը: Երկարատև բանակցություններից հետո անդամ երկրները երաշխիքներ էին ներկայացրել վարկատու բանկերին պարտքային ճգնաժամից խուսափելու և վարկունակությունը պահպանելու հարցում: Երաշխիքների չափի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա