Ադրբեջանցի քաղաքագետը ժխտել է իրենց իսկ առասպելը 1 միլիոն գաղթականների մասին
Ներկայացնելով kavkazoved.info կայքում ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովի հոդվածը` նվիրված հետխորհրդային Ադրբեջանում գաղթի խնդիրներին` Голос Армении թերթը նշում է, որ խոսելով Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից գաղթած ադրբեջանցիների մասին` Յունուսովը փաստորեն ժխտում է ադրբեջանական քարոզչամեքենայի տարիներով փայփայած առասպելն առ այն, թե Հայաստանից և ԼՂ-ից 1 մլն ադրբեջանցի է գաղթել: Յունուսովը մասնավորապես նշում է, որ ՄԱԿ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով` ադրբեջանցի գաղթականների թիվը 750 հազար է` Ադրբեջանի բնակչության ֆիքսված քանակի 9%-ը:
Սակայն թերթը նշում է, որ այս տվյալներն այնքան էլ ստույգ չեն. «Արցախի ինքնապաշտպանական բանակի կողմից ազատագրված 7 շրջանների բնակչությունը 1989թ-ին 483.9 հազար էր, քանի որ Ֆիզուլիի և Աղդամի շրջանները ազատագրվել են մասամբ, ապա բռնի արտագաղթածների թիվը կազմում է 420 հազար մարդ, որոնցից 45 հազարը հենց ադրբեջանական աղբյուրների վկայությամբ` 1997թ-ին վերադարձել են իրենց բնակավայրերը: Այսպիսով` գաղթածների ընդհանուր թիվը կազմում է 375 հազար, որին գումարում ենք Հայաստանից և ԼՂ-ից գաղթածների թիվը` 208 հազար, ստացվում է ընդամենը 583 հազար գաղթական` Ադրբեջանի բնակչության ֆիքսված քանակի 7.9%-ը»,-գրում է թերթը և հավելում, որ 1 միլիոն գաղթականների մասին ադրբեջանական քարոզչամեքենայի առասպելն արդեն սկսել են ժխտել հենց իրենք` ադրբեջանցիները: