Վանի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 600-ը
Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության վերջին հայտարարության համաձայն` Վանի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը այս պահի դրությամբ 601 մարդ է, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 4000-ը: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ երկրաշարժից հետո սկսված «օգնության դրամահավաքի» ընթացքում հավաքագրվել է 22 միլիոն 320 հազար լիրա:
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով Վանում և հարակից մի շարք գյուղերում հարյուրավոր շենքեր ու տներ գետնին են հավասարվել, որոշ գյուղեր ջնջվել են քարտեզի վրայից, իսկ զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է: Թուրքիայի տարբեր ծայրերից եկած փրկարար խմբերը անդադար աշխատում են` փորձելով փլատակների տակից հանել մեծ թվով մարդկանց: