ՀՀ ՊՆ. Չհասկացվածությունը զուտ աշխարհընկալման հարց է
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի վերաբերյալ հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մտքերի կապակցությամբ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է լրատվամիջոցներից մեկի հնչեցրած հարցին:
«Հիշեցնենք, որ ընդամենը զավեշտ հիշեցնող ու միջազգային հանրության շրջանակներում իսպառ անտեսված այդ մտքերը արտահայտվել էին զորահանդեսից ավելի քան մեկ ամիս անց, և, որպես մեկամսյա մտավոր աշխատանքի արգասիք, ուղղակի անհեթեթ էին ու արժանի` միայն օրեր անց մեկնաբանման:
Իսկ մեր մեկնաբանությունը ընդամենը հարց է, հարց այն մասին, թե ինչու է Իլհամ Ալիևն այդքան ցածր կարծիքի իր ժողովրդի մասին: Միթե՞ Ռուստամ Իբրահիմբեկով կամ Հեյդար Ալիև ծնած մի ողջ ժողովրդի կարելի է կուրացնել հակառակորդի մոտ վառելիքի բացակայության կամ ժողովրդագրական խնդիրներով պայմանավորված հոգևարականների ստիպողական ծառայության մասին պրիմիտիվիզմներով ու փորձել դրանով ինչ-որ միավորներ հավաքել:
Պետք է հիասթափեցնենք. չհասկացվածությունը զուտ աշխարհընկալման հարց է:
Այո´, տեխնիկան դրա մոբիլությունը բազմապատիկ անգամ մեծացնող քարշակներով է անցել (միգուցե նաև որպես վառելիք օդ օգտագործող), բայց ոչ թե այն պատճառիկներով, որոնք փորձ է արվում հրամցնել սեփական ժողովրդին, այլ պարզապես որովհետև բանակը կոչված է ծառայելու ժողովրդին, իսկ ժողովուրդը նույն ակնածանքով վերաբերվում է նաև սեփական մայրաքաղաքին, նրա վերգետնյա ու ստորգետնյա դարավոր գանձերին:
Այո´, զորահանդեսում կարևոր տեղ ունեին նաև հոգևորականները, բայց ոչ թե այն պատճառներով, որոնք փորձ է արվում հրամցնել սեփական ժողովրդին, այլ բոլորովին ուրիշ, էլի արժեքային հարթությունում գտնվող պատճառներով. իմիջիայլոց հենց որոնցով էլ մեր բանակը հաղթել ու հարկ եղած դեպքում էլի կհաղթի ցանկացած ոտնձգության դեպքում:
Իսկ տեխնիկան, վստահ եղեք, պատրաստ է լիցքավորման ու ցանկացած մարտական առաջադրանքի»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը անդրադառնալով ՀՀ-ում անցկացված զորահանդեսին, նշել էր, թե զորահանդեսին ռազմական տեխնիկան ընդունակ չէր տեղաշարժվել ինքնուրույն. այն տեղաշարժում էին բեռնատարների և քարշակների միջոցով։ Կամ այդ տեխնիկան սարքին չէ, կամ այնտեղ վառելիք չկա, կամ էլ երկուսը միասին։ Վերջինս նաև իր զարմանքն էր արտահայտել զորահանդեսին՝ հոգևորականների մասնակցության վերաբերյալ՝ համարելով, որ դա արդյունք է զորակոչիկների սակավության:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար