Հունաստանի կառավարությանը հրաժարական է սպառնում
Հունաստանում որոշվել է հանրաքվե անցկացնել` ԵՄ-ից ֆինանսական աջակցության ընդունման ու դրա փոխարեն բյուջեն կրճատելու հարցի վերաբերյալ: Եթե վարկային ծրագրի պայմանները մերժվեն, ապա երկրի կառավարությունը կարող է հրաժարական տալ: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Հանրաքվե անցկացնելու մասին առաջարկն արվել է Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուի կողմից երեկ երեկոյան:
«Եկեք խոսքը տանք ժողովրդին ու քաղաքացիներին: Եկել է ժամանակը, որպեսզի քաղաքացիները պատասխանատվությամբ ասեն` ցանկանո՞ւմ են, որ մենք կատարենք այդ ծրագիրը, թե ոչ: Եթե ժողովուրդը ցանկանում է, այն կիրականացվի, եթե այո, ապա մենք առաջ կշարժվենք»,-ասել է նա:
Հանրաքվեն կայանալու է հաջորդ տարվա հունվարին: Մասնակիցները մեկ հարցի են պատասխանելու` աջակցում են նրանք վարկային միջոցների տրամադրմանը, ինչի փոխարեն կրճատվելու են բյուջեի ծախսերը:
Եթե մասնակիցների մեծ մասը դեմ արտահայտվի ԵՄ ծրագրերին, ապա հունական կառավարությունը կարող է հրաժարական ներկայացնել: Իրադարձությունների նման զարգացման պարագայում երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նման սցենարին դեմ են արտահայտվել ընդդիմադիրները:
Միաժամանակ ԵՄ պայմանները անընդունելի են բնակչության մեծ մասի համար: Հոկտեմբերի 20-ին Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել բյուջեի ծախսերի կրճատման մասին օրինագծին, որով նախատեսվում է հարկերի ավելացում, պետական ծառայողների կրճատում, ինչպես նաև թոշակների ու սոցիալական այլ վճարների էական չափով նվազում: Սրանք այն պայմաններն են, որոնց կատարման դեպքում ԵՄ-ն ու ԱՄՀ-ն պատրաստ են 8 մլրդ եվրո վարկ տրամադրել Հունաստանին: Առանց այդ միջոցների Հունաստանին դեֆոլտ է սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա