Խոսքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի է, երբ համոզիչ կերպով հաստատվել է այդ անելու հրատապ հասարակական կարիքը
Այսօր մեկնարկել են փաստաբանների և դատավորների համար նախատեսված երկու սեմինարներ, որոնց նպատակը արտահայտվելու ազատության առավել բարձր պաշտպանությունը խթանելն է: Սեմինարը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի, ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերի ներկայացուցչի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան և Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակից իրազեկում են, որ սեմինարներն անց են կացվում «Doughty Street Chambers» ընկերության անդամ, թագավորական խորհրդական Գևին Միլլերի և խոսքի ազատության ոլորտում հայտնի միջազգային «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավաբան Բոյկո Բոևի կողմից՝ ԻԵՄ-ի իրավաբանների թիմի հետ համատեղ: Քննարկումները կենտրոնանալու են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են զրպարտությունն ու վիրավորանքը, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, դատավարությունների լուսաբանումը և արտահայտվելու ազատությունն ընտրությունների համատեքստում:
Սեմինարներն անց են կացվում ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների դեմ հարուցվող գործերի աճի: Դրանց նպատակն է բարձրացնել հայաստանյան փաստաբանների և դատավորների իրազեկությունն արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող միջազգային չափանիշների ոլորտում, ինչը թույլ կտա հասնել այդ իրավունքի առավել բարձր պաշտպանության:
Սեմինարին Գևին Միլլերը նշել է. «Արտահայտվելու ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Լրատվամիջոցների պարտականությունն է տեղեկություններ հաղորդել հանրային շահին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ: Հանրությունը, մյուս կողմից, ունի այդ տեղեկություններն ստանալու իրավունք: Հանրային իրավաչափ քննարկումների առարկա հանդիսացող հարցերին վերաբերող տեղեկությունների և գաղափարների ազատ հոսքի սահմանափակման ցանկացած փորձ պետք է մանրազնին քննության արժանանա դատարանների կողմից: Խոսքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի է, երբ համոզիչ կերպով հաստատվել է այդ անելու հրատապ հասարակական կարիքը: Բոլոր տեսակի պատժամիջոցները պետք է լինեն համաչափ: Խիստ կարևոր է, որ իրավաբաններն ու դատավորները լիարժեքորեն հասկանան այս կարևոր սկզբունքները: Հուսով եմ, որ բոլոր մասնակիցները կկարողանան այս ամենը գործնականում կիրառել հայաստանյան դատարաններում»:
Բոյկո Բոևն իր հերթին նշել է. «Իրավաբաններն ու դատավորներն առանցքային դերակատարում ունեն մի հասարակությունում, որը ղեկավարվում է օրենքներով, այլ ոչ՝ քաղաքական նկատառումներով: Երբ մարդուն զրպարտում են, նա իր հեղինակության պաշտպանության համար դիմում է իրավաբանի և դատավորի: Նույն կերպ նաև լրագրողներն են դիմում կոմպետենտ և անկախ իրավաբանների և դատավորների՝ պաշտպանելու իրենց արտահայտվելու ազատությունը: Մեր սեմինարի նպատակն է զինել մասնակիցներին գիտելիքներով, որոնք թույլ կտան նրանց հավասարակշռություն ապահովել այնպիսի հակադիր շահերի միջև, ինչպիսիք են հեղինակությունը և խոսքը, և նպաստել իրավական երաշխիքների առավել արդյունավետ կիրառությանը հանուն ազատ ու անկախ լրատվամիջոցների »:
«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանն էլ կարծիք է հայտնել, որ բոլոր իրավունքները համընդհանուր, անբաժանելի, փոխկախյալ և փոխկապակցված են, սակայն արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հենասյունն է: Այդ պատճառով այն միշտ մնալու է մեր կազմակերպության առաքելության և գործունեության կենտրոնում:
Սեմինարը ԻԵՄ-ի երրորդ կարևորագույն միջոցառումն է՝ ուղղված Հայաստանում արտահայտվելու ազատության պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Այս սեմինարից առաջ նմանատիպ մի սեմինար էլ կազմակերպվել էր լրագրողների համար: Բացի այդ, ԻԵՄ-ը վերջերս ներկայացրել էր իր կայքը (www.ela.am), որն իրենից օգտակար շտեմարան է ներկայացնում արտահայտվելու ազատության իրավունքի վերաբերյալ՝ ներառելով մի շարք նյութեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավելի քան 60 նախադեպերի սեղմագրերը հայերեն: