Առաքել Միրզոյանը թիմին կմիանա Փարիզում
Նոյեմբերի 5-ին Փարիզում կմեկնարկի աշխարհի ծանրամարտի օլիմպիական վարկանշային առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ նախապատրաստական վերջին փուլն անցկացրեց Հայաստանում և մրցավայր կմեկնի Երևանից: Մեդալների և ուղեգրերի համար կպայքարեն աբովյանցի Իզաբելլա Յայլյանը` 53 կգ քաշային կարգ, գյումրեցի Մելինե Դալուզյանը` 69 կգ, ծանրքաշայիններ քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը և գյումրեցի Նաիրա Հարությունյանը:
Տղամարդկանց ազգային հավաքականը մարզումները շարունակում է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի օլիմպիական մարզահանգրվանում և Փարիզ կմեկնի Մոսկվայից: Գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հայտավորել է 69 կգ քաշայիններ էջմիածինցի Վանիկ Ավետիսյանին, քասախցի Սամվել Գրիգորյանին, 77 կգ քաշային գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանին, գերծանրքաշայիններ արարատցի Ռուբեն Ալեքսանյանին և գյումրեցի Հայկ Հակոբյանին:
Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանն իր որդուն` 77 կգ քաշային Առաքել Միրզոյանին նախապատրաստում է տանը, և նրանք թիմակիցներին կմիանան մրցավայրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ծանրորդների հետ կլինեն նաև մարզիչներ Արման Ղազարյանը, Ալեքսան Կարապետյանը, մրցավար Փաշիկ Ալավերդյանը:
Պատվիրակության ղեկավարն է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նա նշել է, որ աշխարհի նախորդ տարվա առաջնության արդյունքներով ունենք տղամարդկանց և կանանց չորսական օլիմպիական ուղեգիր: Լոնդոնյան խաղերում մեր ծանրորդների վերջնական քանակը կիմանանք առաջիկա ստուգատեսից հետո: Նպատակ ունենք Լոնդոն գործուղել առնվազն 8-9 մարզիկ- մարզուհի և գերազանցել Պեկինի խաղերում հանդես եկած մեր վեց ծանրորդների (5 տղամարդ և 1 կին) քանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում