ԵՃՇՊՀ-ն վերակառուցել է Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի շենքը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց, որը այս տարվա մայիսին մեկնարկած վերակառուցման աշխատանքներից հետո այսօր հանդիսավոր պայմաններում վերաբացվել է:
Շնորհավորելով ներկաներին` նախարարը նշել է. «Ամիսներ առաջ ԿԳՆ-ի նախաձեռնությամբ սկսված առաջատար բուհերի և ավագ դպրոցների համագործակցության գործընթացն այսօր ապացուցում է իր արդյունավետությունը: Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և կոնկրետ այս դպրոցի համագործակցությունը վստահություն է ներշնչում, որ հարմարավետ պայմանները, վերակառուցված և տեխնիկապես վերազինված դասասենյակները կնպաստեն կրթության որակի բարձրացմանն ու գիտելիքի նկատմամբ աշակերտների նոր վերաբերմունքի ձևավորմանը»:
Նախարարը հյուրերի հետ շրջել է վերակառուցված դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: ՀՀ նախկին վարչապետ հասարակական-քաղաքական հայտնի գործիչ Անդրանիկ Մարգարյանն եղել է այս դպրոցի շրջանավարտ: Դպրոցի նորաբաց համակարգչային լսարաններից մեկր կոչվել է Ա. Մարգարյանի, մյուսը` հայտնի մաթեմատիկոս Սամսոն Դաղբաշյանի անունով:
Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով ավագ դպրոցների ձևավորման գործընթացին նախարարը նշել է. «Ավագ դպրոցի հիմնական նպատակը որակյալ նախամասնագիտական կրթության ապահովումն է: Մենք շատ կարևոր ենք համարում, որ ավագ դպրոցներն ու բուհերը սերտ կապեր ունենան: Խնդիրը միայն շենքերի բարեկարգումը չէ: Գլխավոր նպատակը բովանդակային է` ավագ դպրոցի ծրագրի վերանայում և նախամասնագիտական կրթության միտումների ձևավորում: Ի վերջո բուհերն իրենք պետք է հասկանան, որ այսօր ներդրում կատարելով ավագ դպրոցներում, ապագայում իրենց համար կապահովեն որակյալ կրթությամբ դիմորդներ»:
Նրա խոսքով, 2011թ-ին մարտի 1-ին ԵՃՇՊՀ-ի և Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի միջև ԿԳ նախարարության առաջարկով կնքվել է պայմանագիր: Նախարարի խոսքով, շենքն այն ժամանակ գտնվում էր անմխիթար վիճակում` չկար ջեռուցում, դասարանները կիսաքանդ էին, տանիքից կաթում էր: Նախարարը տեղեկացրել է, որ դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են ԵՃՇՊՀ-ի միջոցներով:
Վերակառուցման ընթացքում ամրացվել են շենքի հիմքերը, ինչի արդյունքում բարձրացվել է կառույցի սեյսմակայունությունը: Մասնավորապես գրանիտապատվել է շինության աստիճանավանդակը, կառուցվել է նոր կաթսայատուն, վերակառուցվել է ջրային համակարգը, արդիականացվել է լսարանային ֆոնդը: Վերակառուցված դասասենյակները տեխնիկապես վերազինվել և կահավորվել են:
1933թ-ին կառուցված դպրոցի շենքը մինչ այդ մասնակի վերանորոգվել էր 2003թ-ին, նորոգման հիմնական աշխատանքներ, սակայն, չէին իրակականցվել: Շինարարական աշխատանքներն դպրոցի առաջին մասնաշենքում արդեն ավարտվել են:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է որ, նմանատիպ համագործակցություն կա նաև ՀՀ գրեթե բոլոր առաջատար բուհերի և ավագ դպրոցների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին