Համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանին
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի է ունենալու համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանին: Panorama.am-ը Ֆիլհարմոնիկ նվագախմբից տեղեկացավ, որ համերգին մասնակցելու է «Հովեր» պետական կամերային երգչախումը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Հովհաննիսյան), մենակատարներ՝ Իրինա Զաքյան (սոպրանո), Նարինե Անանիկյան (մեցցո սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր), Մկրտիչ Մկրտչյան (բաս), ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյան (դաշնամուր): Դիրիժորն է Սուրեն Շահիջանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը մահացել է 2010 թ. հուլիսի 28-ին Մոսկվայում: Նրա դին տեղափոխվել էր Հայաստան:
Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին: 1975թ. ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում: Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ էր տարել երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը» (1986թ.), որից անմիջապես հետո «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր էր ստացել Մեծ թատրոնից: Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դավթյանը Մոցարտի ստեղծագործությունների մեծագույն մեկնաբանն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում