ՀԱԿ ակտիվիստի ոտքերը երկաթյա շիկացած ձողով այրել են, ծեծել են ու խոշտանգել. Փաստաբան
2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո ձերբակալված, պատժի կրումից նախորդ տարի դեկտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատ արձակված ՀԱԿ ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ դաժան խոշտանգումներ են տեղի ունեցել ոստիկանության Մաշտոցի բաժնի քննչական բաժանմունքում: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրնսգրքի 177 -րդ հոդվածով նախատեսված հանցանք` գողություն, կատարելու մեջ: Փաստաբանի պնդմամբ, Գևորգյանը «բացարձակ առնչություն» չունի իր նկատմամբ հարուցված մեղադրանքի հետ: Նա փոխանցեց, որ Զովունի գյուղի իր տնից Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժանմունք են տեղափոխել սեպտեմբերի 28-ին:
«Նրան ապօրինաբար են ձերբակալել ու տեղափոխել Մաշտոցի քննչական բաժին ու առաջարկվել է իր վրա վերցնել մարտիմեկյան սպանություններից որևէ մեկը: Բնականաբար, նա հրաժարվել է նման արարք իր վրա վերցնել: Հետո նրան առաջարկվել էր ընդունել մի շարք գողությունների փաստեր: Այդ մեղադրանքները շինծու են, արհեստածին, քանի որ մեղադրանքների մեջ նշված են, որ ինչ-որ գյուղի ինչ-որ նկուղի ինչ-որ տարածքից գողություն է կատարել», -հայտարարեց փաստաբան Ոսկանյանը` մանրամասնելով, որ Գևորգյանի մեղադրանքի մեջ նշված է, որ ասենք Երևանի այգիներից մեկից էլեկտրական շարժիչ է գողացել, Զովունի գյուղի ինչ-որ նկուղից էլեկտրական լարեր է գողացել և նման այլ նկարագրություններ:
Ֆելիքս Գևորգյանի պաշտպանը նշեց, որ Մաշտոցի քննչական բաժնում շիկացած երկաթյա ձողով այրել են ոտքերը, ծեծել նրան, ինչի հետևանքով Ֆելիքսն այժմ դժվարանում է քայլել: Փաստաբանի պնդմամբ, Ֆելիքս Գևորգյանի դեմ նպատակուղղված հետապնդում է իրականացվում, քանի որ այդպիսով փորձ է արվում ճնշում գործադրել նրա հոր վրա, որը Հայ Ազգային կոնգրեսի Աջափնյակի մասնաճյուղի ղեկավարն է:
«Տեղյակ եմ, որ ինչ-որ կերպ փորձել են քրեական գործ հարուցել նրա հոր վրա, սակայն չի ստացվել», -հավելեց փաստաբանը:
Ասուլիսում նաև նշվեց, որ Գևորգյանի գործով իրենց տեսակետը ներկայացնելու համար հրավիրվել են նաև Ոստիկանությունից ու Հատուկ քննչական ծառայությունից, սակայն հրաժարվել են մասնակցել ասուլիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա