
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Ուիլյամ Փրայորը /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: