Ն.Հովհաննիսյան. «Նախատեսվում է 2015թ-ին ապահովել 5-6 տարեկան երեխաների 99 տոկոսի մուտքը դպրոց»
Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի մարզերում` Վայոց ձորում, Գեղարքունիքում, Արմավիրում և Սյունիքում իրականացվում է նախադպրոցական կրթության մատչելիության ծրագիր: Այս մասին կրթական համակարգի հիմնահարցերին ու առաջիկա ծրագրերին նվիրված եռօրյա սեմինարի ժամանակ հայտարարեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Մարզային 135 կետերում ստեղծված են մանկապարտեզներ, որտեղ ընդգրկված են 2 հազար երեխաներ: Հիմնական նպատակն այն է, որ 5-6 տարեկան երեխաներն անպայման ընդգրկվեն նախադպրոցական հաստատություններում, քանի որ, ուսումնասիրությունների համաձայն, խիստ կարևորվում է նրանց մուտքը դպրոց. «Դպրոցի նախապատրաստման այդ աշխատանքը շատ կարևոր է կրթության ընկալման առումով, և նախատեսվում է 2015թ-ին ապահովել 5-6 տարեկան երեխաների 99 տոկոսի մուտքը դպրոց»,- տեղեկացրեց Ն.Հովհաննիսյանը:
Ընթացիկ տարում ավագ դպրոցների ցանցը համալրվել է ևս 16-ով և այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 107 այդպիսի դպրոց: Նախարարության ներկայացուցիչը, ներկայացնելով այս ցուցանիշը, նախ նշեց, որ երբ 2008թ-ին սկսվեց ավագ դպրոցների ներդրման գործընթացը, նույնիսկ բավականին դժվար էր պատկերացնել հետագա ճանապարհը և շատ էին հնչող հարցերը, թե եթե պատրաստ չէինք, ինչո՞ւ սկսեցին: Բայց 2010թ-ին արդեն ընդվզումները ծնողների ու աշակերտների կողմից չկային, այնպես որ.
«Այսօր արդեն կարելի է ասել, որ թևակոխել ենք ավագ դպրոցների բարեփոխումների փուլ»:
Այդ բարեփոխումները ենթադրում են ուսուցչական կազմի վերապատրաստում, աշխատավարձերի տարբերություն, ինչպես նաև շինարարություն և այլն:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցների ուսուցիչների ընտրման կարգին, ապա Ն.Հովհաննիսյանի խոսքերով, հատուկ մրցույթ է հայտարարվել, թեև վերապատրաստման փուլն առաջիկայում է: Ըստ նրա, բավականին հեշտությամբ, օրինակ, ընտրվել են անգլերեն և մայրենի լեզվի ուսուցիչները, բայց առանց դժվարությունների գործընթացը չի եղել. «Դժվարություն ունենք պատմություն առարկայից, քանի որ այսօր էլ ունենք թափուր տեղեր , ինչպես նաև մաթեմատիկա առարկայի ուսուցիչների կարիք ունենք: Եվ խոսքը միայն մայրաքաղաքի դպրոցների մասին չէ, այլև մարզային մակարդակով»,- հավելեց Ն.Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին