Բ. Պիպոյան. «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթից տուժողներ չկան
««ARMFOOD» ապրանքանիշի ապրանքատեսակները` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, լաբորատորիայում են ու պատասխանը կլինի ամենուշը վաղը առավոտյան, թե արդյո՞ք դրանցում էլ կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ, որից հետո կարվի հաջորդ քայլը` վարչական ստուգում և այլն»,- այս մասին ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին արտադրությունը կանգնած է ու կվերականգնվի այն ժամանակ, երբ վարչական վարույթը լիարժեք կավարտվի ու կպարզվի, թե ինչու են առաջացել այդ բակտերիաները ու, որ ապրանքատեսակներում կան: Ի դեպ, նման դեպքում տուգանքը 300 հազար դրամ է:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ: Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրս բերումը Ծառայությունը կոչով դիմել է ազգաբնակչությանը լինել աչալուրջ և զերծ մնալ «ARMFOOD» ապրանքանիշի կաթնամթերքի ձեռքբերումից: Բանախոսն ասաց, որ իրենք հետ են կանչել «ARMFOOD» ապրանքանիշի բոլոր ապրանքատեսակները:
Իսկ թե ինչպե՞ս են հայտնաբերել, որ այդ կաթում մանրէներ կա: Նա ասաց, որ քաղաքացին իրենց ներկայացրել է դիմում-բողոք, որ «Երևան Սիթի» ցանցի սուպերմարկետներից մեկից գնել է «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթ, խմել ու դառնահամ առել: Նրա կողմից ներկայացված ապրանքը ենթարկվել է լաբորատոր ուսումնասիրության: «Լաբորատորիայի պատասխանը եղել է շատ արագ, քանի որ հայտնաբերվել էին ստաֆիլակոկի մանրէներ, ու անմիջապես նախարարության կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր»,- ասաց նա, միաժամանակ ընդգծելով, որ տուժողներ չկան:
Ասուլիսին ներկա «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ արտակարգ դեպքերն ադեկվատ ընթացք պետք է ստանան ու պատժվեն, որպեսզի բացառվեն նման դեպքերը: «Բայց առայժմ այդ վստահությունը չունենք, քանի որ պետական ստուգող ու հասարակական կազմակերպությունների միջև օպերատիվ համագործակցություն չկա»,- ասաց նա: Ըստ նրա, սա բացառիկ դեպք է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա