Մասնագիտական կրթությունը չի կարող կայանալ առանց գործատուների մասնակցության
ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը կրթության խնդիրներին ու բարեփոխումներին նվիրված սեմինարի ժամանակ այսօր խոսեց միջին և մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին ներդրված սոցիալական գործընկերության գաղափարի մասին:
Սոցիալական գործընկերության կողմերն են` կառավարությունը, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները և արհեստակցական միությունները: Իսկ հիմնական սկզբունքներն են, օրինակ, կողմերի իրավահավասարությունը, կողմերի շահերը հաշվի առնելը և այլն:
Իսկ ծրագրի կարևորագույն մեխն այն է, որ մասնագիտական կրթությունը չի կարող կայանալ առանց գործատուների մասնակցության. «Գործատուն այլևս պետք է ընտրի` ոչ համապատասխան, բայց բարձրագույն կրթություն ստացածին ընդունել, հետագայում ապահովել նրա վերապատրաստումն ու համապատասխան որակավորում ստանալը կամ օգտվել միջին մասնագիտական կրթություն ստացածներին աշխատանքի տեղավորելով»,- նշեց նա:
Բայց այս ամենը ռեգլամենտային վիճակում է, իսկ գործնական տեսանկյունից, օրինակ, վերջին 5-6 տարիներին վերանորոգվել են հանրակրթական մի շարք դպրոցներ, գումարներ են հատկացվում ուսումնական հաստատությունները սարքավորումներով և այլնով համալրելու համար: Եվ, ավելացրեց Ռ.Աբրահամյանը, տարեկան մոտ 5 հազար պետական տեղ է հատկացվում նախնական և միջին մասնագիտական հաստատություններում սովորելու համար. «Մյուս ուսումնական տարվանից ծրագրում ենք, որ այդ պետպատվերի թիվը կավելանա ու կդառնա շուրջ 7 հազարի կարգի: Իսկ հիմնական ծանրաբեռնվածությունը սահմանամերձ և մարզային հաստատությունների վրա է ընկնելու»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մարզային հաստատությունների գործունեության դրական արդյունքին, ասել է թե` քանի՞ ուսանող է հնարավորություն ստանում ուսումնական գործընթացներից հետո աշխատանքի տեղավորվել, կա՞ նրանց պահանջարկը, Ռ.Աբրահամյանը մատնանշեց Կապանի քոլեջներից մեկը ու նշեց, թե այնտեղ սովորող ուսանողները հնարավորություն ունեն կոնկրետ գործատուների մոտ մասնակցել դասընթացների ու անցկացնել ուսումնական պրակտիկան. «Իսկ լավագույնները պրակտիկայից հետո էլ մնում են այդ տեղերում աշխատելու»,- վստահեցրեց նա:
Իսկ արդյո՞ք կան գործատուներ, որոնք գումարներ են ներդնում ուսումնական հաստատություններում ու ըստ այդմ պատվեր իջեցնում համապատասխան կադրեր պատրաստելու համար հարցին ԿԳՆ ներկայացուցիչը նշեց, որ նման տվյալների նախարարությունը չի տիրապետում: Բայց հստակ է, որ կան մասնագիտություններ, որոնց երիտասարդները չեն ձգտում, օրինակ, արհեստավորների պակասն ակնհայտ է:
Ի՞նչ ազդեցություն է ունենալու այս բնագավառի զարգացումը ավագ դպրոցի կայացման իմաստով: Նախարարության ներկայացուցչի խոսքերով, դրանք թերևս տարբեր բաներ են, քանի որ նախնական և միջին մասնագիտական կրթությունը միտված է ավելի շատ աշխատաշուկային, քան ուսման շարունակականությանը, ինչն ապահովում է ավագ դպրոցը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին