Երևանում և Գյումրիում կայանալու է ճապոնական ֆիլմերի փառատոն
Նոյեմբերի 8-12-ը Երևան և Գյումրի քաղաքներում կայանալու է ճապոնական ֆիլմերի փառատոն, որը կազմակերպել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն: Միջոցառմանը աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկախիտո Խարադան, մի խումբ ճապոնացի պաշտոնյաներ, ՀՀ մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ Սփյուռքի նախարարը և այլ պաշտոնյա անձիք:
Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի փոխանցմամբ, փառատոնին ներկայացվելու են 5 լիամետրաժ խաղարկային ֆիլմեր: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, «Մոսկվա» կինոթատրոնում, որին կհաջորդի «Այկի» ֆիլմի դիտումը: Փառատոնի ընթացքոմ ցուցադրվող ֆիլմեր մուտքն ազատ է:
ՀՀ-ում ճապոնական ֆիլմերի փառատոնը վերջին անգամ անցկացվել էր 2006 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
2005թ. օգոստոսին «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության 60-րդ տարելիցին հայ երեխաները առաջին անգամ աշխարհում Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին իրենց ձեռքով պատրաստված կռունկներ և լապտերներ, որպես հարգանքի տուրք զոհերի հիշատակին և որպես կոչ ընդդեմ պատերազմների: Ամբողջ աշխարհի համար դա դարձավ ավանդույթ, և այժմ տարբեր երկրներից երեխաները իրենց հարգանքի տուրքն են մատուցում ռմբակոծության զոհերին̀ ուղարկելով լապտերներ Ճապոնիա: Այս ծրագրի արդյունքում 2010թ ստեղծվեց «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը, որի գործունեությամբ հիմք դրվեց Երևան-Հիրոսիմա քույր քաղաքներ հռչակելու գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները