Ջեքսոնի մահվան գործով դատալսումներն ավարտվեցին. Վճիռը երկուշաբթի
Լոս Անջելեսում նախօրեին ավարտվեցին փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահվան հանգամանքները պարզելուն նվիրված դատալսումները` իրենց վերջնական խոսքն ասացին թե’ մեղադրող, թե’ պաշտպանող կողմերը: Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին է Ջեքսոնի անձնական բժիշկը:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, վճիռը կհրապարակվի արդեն երկուշաբթի:
Աղբյուրը նշում է, որ դատախազ Դևիդ Ուոլգրենը ամեն ինչ արել է, որպեսզի բժիշկ Քոնրադ Մյուրեյին ներկայացնի բացասաբար: Նրա խոսքերով, բժիշկը մտածել է միայն սեփական շահի, այլ ոչ թե Ջեքսոնի առողջության մասին: Դատախազն անգամ ցուցադրել է Ջեքսոնի երեք զավակների լուսանկարներն ու հայտարարել, որ Մյուրեյի պատճառով նրանք առանց ծնող են մնացել:
Իսկ բժշկի փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ Ջեքսոնն ինքն է մեղավոր իր իսկ մահվան մեջ և որ մեղադրող կողմը փորձ է անում այդ մեղքը բարդել բժշկի վրա: Ու հիշեցրել, որ խոսքը ոչ թե ռեալ-շոուի, այլ կյանքի մասին է:
Հիշեցնենք, Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ-ի հունիսի 25-ին: