ԼԱՍ. Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Ավազ Զեյնալովին
«Լրագրողներն առանց սահմանի» (ԼԱՍ) իրավապաշտպան Միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալովին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպությունը քննադատել է վերաքննիչ դատարանի որոշումը:
«Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ստիպեն թերթին լռել և այդ թերթի խմբագրին պատժում են այն բանի համար, որ նա սուր քննդատության էր ենթարկել պետության ղեկավարին: Ոչ մի անհրաժեշտություն էլ չկար ձերբակալել խմբագրին և նրան պետք է անհապաղ ազատ արձակել»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Նարիմանյան շրջանի դատական կատարածուները բռնագրավել են ընդդիմադիր «Խուրալ» թերթի ողջ ունեցվածքը: Այնուհետև պատգամավոր Գյուլար Ահմեդովայից փող շորթելու մեղադրանքով ձերբակալել են «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալովին: