Նախարարը խորհուրդ է տալիս բուհի ուսանողներին դիմել դատարան, իսկ ռեկտորին զգուշացնում` «Քթիցդ կբերեմ»
«Գալիք» համալսարանի «Կառավարում» ֆակուլտետի լիցենզիան Կրթության և գիտության նախարարությունը կասեցրել էր դեռևս անցյալ տարի, սակայն բուհի ղեկավարությունն այդ մասին ինչ-ինչ պատճառներով չէր տեղեկացրել ուսանողներին: «Ինչ-ինչ» ասվածի տակ կարելի է շատ պատճառներ գտնել` սկսած անօրեն ճանապարհով ուսման վարձ հավաքագրելուց` վերջացրած ԿԳ նախարարությանը բոյկոտ հայտարարելով: Բայց փաստը մնում է փաստ` այսօրվա դրությամբ հիշյալ ֆակուլտետի 51 շրջանավարտներ հայտնվել են օդից կախված վիճակում ` թեև հանձնել են ավարտական բոլոր քննությունները, բայց նրանց, հասկանալի է, դիպլոմ չեն տալիս:
Շաբաթ օրն Աղվերանում կրթության հիմնախնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այս կապակցությամբ ասաց.
«Բուհի ղեկավարությունը տեղյակ չի պահել ուսանողներին, որ լիցենզիան կասեցված է և շարունակել է առանց լիցենզիայի ուսումնական գործընթացը»: Սա, նրա որակմամբ, բացառիկ դեպք է, քանի որ երկու տարվա ընթացքում որակի համապատասխանության արդյունքում կասեցված լիցենզիաների պարագայում որևէ այլ բուհ իրեն թույլ չի տվել արհամարհել նախարարության լիազոր մարմնի հրամանը և շարունակել գործընթացը:
Ինչ վերաբերում է այդ 51 ուսանողներին, ապա չորրորդ կուրսում իրենց դասավանդած դասախոսներն ու ուսումնական ողջ գործընթացը, փաստորեն, ապօրինի է եղել: Կասեցման դեպքում, նշեց նախարարը, գործում է հետևյալ կարգը` ուսանողն, անգամ չհավատարմագրված բուհից իրավունք ունի տեղափոխվել ու ուսումը շարունակել պետական բուհերից մեկում և եթե «Գալիքը» բարեխիղճ գտնվեր ու մեկ տարի չխաբեր ուսանողներին, ապա վերջիններս մի տարի չէին կորցնի:
Այն ամենը, ինչ վերաբերում է ապօրինի ուսման վարձ վճարելուն, մեկ տարի ժամանակ կորցնելուն և առհասարակ` բարոյապես «քցված» լինելուն ունի միայն մեկ պատասխան` խաբված ուսանողները պետք է դիմեն դատարան: Եվ այդ մասին նշեց նաև Ա.Աշոտյանը, քանզի.
«Ես չեմ կարող ստեղծել պետական ավարտական հանձնաժողով մի մասնագիտությամբ, որի լիցենզիան կասեցրել եմ դեռ մեկ տարի առաջ… Միայն դատարան»,- ընդգծեց նա ու կրկնեց` բոլոր ուսանողները իրավունք ունեն ու պարտավոր են շարունակել ուսումը:
Արձագանքելով Panorama.am-ի հարցին, որ այդ դեպքում գուցե նախարարությունը ինչ-որ վերահսկող մեխանիզմ ներդնի, որը կհետևի կասեցումների կյանքի կոչմամբ, ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ վերջերս Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունները, որով նախարարությունն այսուհետ ոչ թե կասեցնելու է, այլ ընդհանրապես դադարեցնելու լիցենզիան բոլոր այն դեպքերում, որոնք ամրագրված են օրենքով.
«Իրականում դրակոնյան պայմաններ են դրված փոփոխությունների հիմքում»:
Նշենք, որ գործող օրենքով նախարարությունը որևէ բուհի լիցենզիա կասեցնելու համար պետք է անցնի դատական ատյաններով:
Եվ վերջում` ի՞նչ է լինելու բուհի ռեկտորատի հետ այն բանի համար, որ անտեսել է նախարարության որոշումը.
«Նրա կողմից իմ որոշման արհամարհումը , կներեք, քթից դուրս է գալու և սա նախադեպ կլինի բոլորի համար»,- ընդգծեց ոլորտի պատասխանատուն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան