ՌԴ նախագահ. Իրանի վերաբերյալ ռազմատենչ հայտարարությունները կարող են աղետի հանգեցնել
Ռազմատենչ հռետորաբանությունը Մերձավոր Արևելքում կարող է աղետի հանգեցնել. «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն հայտարարել է Բեռլինում Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարություններին, այն որ Իսրայելը կամ որևէ այլ երկիր պատրաստ է ուժ կիրառել Իրանի կամ Մերձավոր Արևելքի որևէ այլ երկրի նկատմամբ, դա ծայրահեղ վտանգավոր հռետորաբանություն է», - ասել է Մեդվեդևն ու հավելել. «Հասկանում ենք, թե ինչքան են կրքերը լարված Մերձավոր Արևելքում, որ բանակցային գործընթացը փակուղում է, զարգացում չկա, ու եթե այժմ, ստեղծված պայմաններում բարձրացնել ռազմատենչության ալիք, սպառնալ որևէ մեկին, դա կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ընդհուպ մինչև հակամարտության», - ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, ավելի վաղ, Շիմոն Պերեսն հայտարարել էր, թե Իրանի նկատմամբ ռազմական օպերացիա իրականացնելու հավանականությունն ավելի է բարձրացել:
Հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքներ, որոնք մոտեցնում են խնդրի ռազմական լուծումը, Պերեսն ասել էր. «Կարծում եմ, իրավիճակն հենց այդիպիսին էլ կա: Տարբեր երկրների հետախուզությունները հետևում են ժամային մեխանիզմով դրված ռումբին և տեղեկացնում իրենց ղեկավարներին, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել»: