ՀՀ նախագահ. Բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն և կայուն տնտեսական միջավայր. մենք ապահովելու ենք
«Բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն և կայուն տնտեսական միջավայր. մենք մեր քայլերով երկուսն էլ ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու` ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլև տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու է ամրության մեր պաշարը և 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում»,-այսօր ողջույնի խոսքով հանդես գալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության համագումարի ժամանակ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, բիզնեսին հարկավոր է բարենպաստ գործարար միջավայր. «Մենք դա ապահովելու ենք: Արդեն դրել ենք երկրների գործարար միջավայրների ազատությունը բնութագրող միջազգային սանդղակում կտրուկ վեր բարձրանալու գործընթացի սկիզբը: Ընդ որում, անցած տարի փաստորեն Հայաստանն աշխարհի թերևս միակ երկիրն էր, որն առաջընթաց էր արձանագրել ազատության աստիճանը բնութագրող բոլոր ուղղություններով: Այս հարցում ես ակնկալում եմ նոր` ավելի էական ձեռքբերումներ, և այդ մասին կառավարությունում լավ գիտեն»:
Երկրի ղեկավարը նշել է, որ բիզնեսին հարկավոր են խթաններ, ապա հավաստել. «Մենք դա ապահովելու ենք: Կառավարության քայլերն այս ուղղությամբ աստիճանաբար արդյունքներ են տալիս և արժանանում ձեր գնահատականին: Հարկային վարչարարության բեռի թեթևացումից մինչև ազատ տնտեսական գոտիների ստեղծում, նորարարական նախագծերի խրախուսումից մինչև ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում` սա արդեն իսկ սկսված ծրագրերի այն լայն շրջանակն է, որոնց ազդեցությունը շատ շուտով էական է լինելու: Եվ մենք նաև այլ ուղղություններով էլ սկսել ենք նոր քայլեր:
Մեր օրակարգը տարողունակ է: Պետք է համախմբվենք և համաձայնություն ձևավորենք ազգային ու հանրային հիմնական շահերի շուրջ, որպեսզի ապրենք վերելքի ուղին հարթող Հայաստանում` հանուն մեր ապագայի և մեր արժեքների: Չեմ կասկածում` հաջողությունն այդ դեպքում իրեն սպասել չի տալու: Նաև չեմ կասկածում, որ կիսում եք այս վստահությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա