Գրիգորյան. «Մանկատների բեռնաթափմանը զուգահեռ փողոցներում հնարավոր է ավելանա թափառաշրջիկ երեխաների թիվը»
«Խնամատար ընտանիք» ծրագրի ներդրումը Հայաստանում տեղի է ունեցել 2006թ-ին և հենց այդ ժամանակահատվածում է, որ ՄԱԿ-ի աջակցությամբ հայաստանյան մանկատների առաջին երկու տասնյակ երեխաներ հանձնվեցին նմանատիպ ընտանիքներին: Առաջին ու վերջին երեխաները, քանի որ հետագայում, երբ պետությունը ստանձնեց առանց միջազգային այդ կազմակերպության ծրագրի շարունակականությունը, որևէ այլ երեխա այդպես էլ մանկատնից չուղղվեց խնամատար ընտանիք, և թիվը քանի տարի է անփոփոխ է` Հայաստանում այսօր կա նմանատիպ ընդամենը 25 ընտանիք: Եվ սա այն դեպքում, ու այս մասին բազմիցս է գրվել, որ պետությունը նաև ստանձնել է մանկատները բեռնաթափելու առաքելություն:
Գաղտնիք չէ, որ ցանկացած ծրագրի ու գաղափարի հիմքում ընկած է ֆինանսական հատկացումներ ամենակարևոր բաղադրիչը: Այս դեպքում դա բացառություն չէ և, երբ երկուշաբթի օրը խորհրդարանը քննարկում էր հաջորդ տարվա բյուջեի ծախսերը սոցիալական ոլորտի մասով, տրամաբանական հարց հնչեց` ի՞նչ ասել է մանկատների բեռնաթափում և ի՞նչ դերակատարություն է հանձնված այդ կոնտեքստում խնամատար ընտանիքներին: Հարցը բնականաբար ուղղված էր ոլորտի ամենապատասխանատու հասցեատիրոջը` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին: Իսկ հնչեցնողը հիշյալ նախարարության ամենահուժկու օպոնենտ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էր:
Պարզվեց, որ մանկատների բեռնաթափումը, այո, շարունակվում է և պետությունը մտադիր է, օրինակ, 2012թ-ին հանրապետության մանկատներից շուրջ 40 երեխայի վերադարձնել կենսաբանական ընտանիք: Հարցը, թե ինչպե՞ս դա կանդրադառնա երեխայի հոգեվիճակի վրա այսօր դժվար պատասխանի արժանանա չինովնիկների կողմից` նրանք կարևորում են բեռնաթափումը: Բայց, որ դրական հետևանքներ քիչ կլինեն միանշանակ է. ի վերջո հեշտ չէ գիտակցել, որ քեզանից հրաժարվել են, հետո էլ ինչ-որ ջղայն «գալստուկավոր ձյաձյաներ» պարտադրել են ու ստիպել, որ «ծնողներդ» քեզ հետ վերցնեն:
«Երբ վարչարարությամբ ու օրենսդրական փոփոխություններով մենք եկանք այն իրավիճակին, որ մանկատուն մտնող երեխայի մասին ամբողջական տվյալներ ունեցանք, կարողացանք ուղղակի արգելել, որպեսզի այն երեխան, որը մանկատան շահառու չէ ու ուղղակի ենթակա չէ մանկատանը գտնվելուն, հայտնվի այնտեղ»,- բացատրում է նախարար Արթուր Գրիգորյանը: Նրա հավաստմամբ` այդ երեխաներին պետությունն ուղորդեց կամ գիշերօթիկ հաստատություններ, կամ էլ հետ ընտանիք, լուծելով այդ ընտանիքի խնդիրները: Անհասկանալի է, թե ինչ խնդիրներ է լուծել նախարարությունը, քանի որ գոնե 2012թ-ի պետական բյուջեի նախագծում նմանատիպ ծախսեր ու հատկացումներ նախատեսված չեն, որոնք ուղղված կլինեն, ասենք, ընտանիք վերադարձած մանկատան նախկին սաների ծախսերը հոգալուն և այլն:
Ավելին` եթե կենսաբանական ընտանիքը պատրաստ չէ ինչ-ինչ պատճառներով հետ վերցնել իր իսկ զավակին այնտեղից, ուր հանձնել է, ապա դրա համար պետք է որ լինեն խնամատար ընտանիքներ: Հայտնի է, և նախարարությունն էլ դա չի ժխտում, որ որպես խնամատար հանդես գալու և մանկատան սանի դաստիարակելու համար հարյուրավոր ցանկացողներ կան: Բայց.... պետությունը հաջորդ տարի էլ գումար չի հատկացրել, որ այս ճանապարհով մանկատները բեռնաթափի ու ֆինանսավորելու է միայն այն 25 ընտանիքներին, որ քանի տարի է առկա են.
«Խնամատար ընտանիք ծրագիրը կշարունակվի այն ձևաչափով, ինչպես, որ մենք նախատեսել ենք: Ավելացում չենք նախատեսում, թեև այդ ընտանիքներն իրենց խնդիրներն ու հարցերն են առաջ քաշում, բայց...» ,- բայց ժամանակի սղության պատճառով այդ խնդիրները ոլորտի պատասխանատուն այդպես էլ չներկայացրեց...
«2011թ-ի կսզբին «Զատիկ» մանկատանը եղել է 97 երեխա, իսկ այսօր այդ մանկատանն ունենք ընդամենը 35 երեխա: Մնացել են այն երեխաները, որոնց ծնողները հաշմանդամներ կամ գործունակներ են, որոնք ի վիճակի չեն ուղղակի երեխային վերցնել ու տիրություն անել, և այդ թվից միայն մեկ կամ երկուսն են, որ իսկապես երկկողմանի ծնողազուրկ են. նրանք հիմնականում 13-14 տարեկան են... Մի խոսքով, պետք է սպասենք, որ այդ երեխաների տարիքը լրանա (18 տարեկան), որից հետո «Զատիկն» այլևս որպես մանկատուն չի աշխատելու, այլ վերակազմակերպվելու է որպես ցերեկային կենտրոն»,- սա ևս մեջբերում է նախարար Ա.Գրիգորյանի խորհրդարանում ունեցած ելույթից:
«Բեռնաթափումը ամենևին էլ չի նշանակում երեխային մանկտանից դուրս շպրտել, այդուհանդերձ բեռնաթափելուն զուգահեռ կա մտավախություն, որ մեր փողոցներում հնարավոր է դարձյալ ավելանա թափառաշրջիկ երեխաների թիվը»:
Ընդգծելով, որ արդեն իսկ ավելացման միտումը նկատելի է նա հայտարարեց, որ պետությունը պատրաստվում է անօթևան երեխաներին բերել մանկատուն, մասնավորապես «Զատիկ», որի վրա 2012թ-ին կդրվի նաև որպես ցերեկային կենտրոն գործելու գործառույթը:
Մանկատանը նրանց խնամելու, պահելու, առողջական ու հոգեբանական վիճակն ուսումնասիրելու համար կտրվի 2 ամիս ժամանակ, որից հետո այդ անօթևան երեխաները կվերադարձվեն ընտանիք: Նախարարի բացատրելով` նախարարությունն այսուհետ կլինի այդ ընտանիքների հետ կապի մեջ, որպեսզի երեխան նորից փողոցում չհայտնվի.
«Սա է լինելու մեր հիմնական նպատակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին