Սերժ Սարգսյան. Մենք չպետք է հետ մնանք նորարարության սլացիկ ընթացքից
««Ինչպե՞ս օգտագործել մեր ունեցածը` կարողությունները, գիտելիքները և փորձառությունը» հարցի պատասխանի որոնումները միշտ եղել են, կան ու դեռ մնալու են մեր իրականության մեջ: Այս հարցի պատասխանը անհրաժեշտ է առաջընթացի համար, որպեսզի իրագործվեն մեր ազգային իղձերը, գտնվեն և հաստատվեն մեր ուրույն տեղն ու դերը զարգացած համաշխարհային հանրության մեջ»,-այսօր ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության համագումարին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ նշելով, որ համագումարը շատ լավ առիթ է ամփոփելու և գնահատելու արածը, սակայն առավել կարևոր են ապագա ծրագրերի քննարկումները, ապագա մեր խնդիրների ճիշտ ձևակերպումները:
Շարունակելով նպատակների թվարկումը`երկրի ղեկավարը նշել է. «Մեր նպատակը կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է: Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Սա մնայուն նպատակ է, որովհետև մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներ է առաջադրելու: Դա բնական է և հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը:Ինչպե՞ս ավելի արագացնել մեր շարժումն այդ նպատակի իրագործման ուղղությամբ` ավելի մեծ քայլերով մարդկանց համար ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք, ինքնադրսևորման լիակատար ազատություն: Այս գործում բոլոր կարող ուժերի ներդրումը կարևոր է, յուրաքանչյուրի դերը` բացառիկ: Գործարարին է վերապահված ռեսուրսները համախմբելու և նոր արժեք ստեղծելու առաքելությունը: Գործարարը ներդնում է իր տաղանդը, հմտությունները, կապիտալը, դիմում է ռիսկի` ստեղծելով աշխատատեղեր, զբաղվածություն և եկամուտներ: Եվ վերջապես` ձեր համայնքին է նաև վերապահված համապատասխան ավանդույթների ձևավորման, ամրապնդման և գործարարության նոր մշակույթի կայացման խնդիրը»:
ՀՀ նախագահը նշել է, որ մեր երկրի աշխարհագրական առանձնահատկություններն ինչ-որ տեղ օբյեկտիվորեն կաշկանդում են գործարարության զարգացումը և գործունեության բազմազանությունը:
«Սովորաբար փոքր ներքին շուկաները սահմանափակում են արտադրության և մատակարարման համար պահանջվող նվազագույն ծավալները և նվազեցնում տնտեսական արդյունավետությունը: Սա իրողություն է, սակայն մենք դրանից և նման այլ խոչընդոտներից թևաթափ լինելու իրավունք չունենք: Հայկական արտադրանքի և ձեռնարկությունների ընդլայնումն ու զարգացումը պետք է կարողանանք մղել ոչ միայն ներքին, այլ արտաքին, այսինքն` համաշխարհային շուկայի ուղղությամբ»,-ասել է երկրի ղեկավարն ու հավելել. «Արտաքին շուկաներն անսահման մեծ են, ուստի և պետք է լինեն մեր տնտեսական աճի ու զարգացման մշտական թիրախը: Ճիշտ է` արտահանումը նաև պահանջում է բարդ, ծավալուն արժեքաստեղծ շղթա պարունակող արդիական արտադրությունների կազմակերպում: Մեզ համար կարևոր են նոր գիտելիքներ և կարողություններ ունեցող մարդիկ, իհարկե կպահանջվեն նոր որակավորման աշխատուժ, տեխնոլոգիաներ և, անշուշտ, ներդրումներ»:
Երկրի ղեկավարի խոսքով, մասնավոր շուկայական ձեռնարկատիրությունը, ի վերջո, Հայաստանում համեմատաբար նոր երևույթ է: Նոր են նաև ձեռնարկատիրության և առևտրի համար անհրաժեշտ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող արդի հաստատությունները, համակարգերն ու ենթակառուցվածքները:
«Մենք չպետք է հետ մնանք նորարարության սլացիկ ընթացքից: Գործարար ծրագրերն ու նախաձեռնությունները հաճախ ունեն ավանդական և իներցիոն բնույթ, առանձին դեպքերում կրկնում են միմյանց: Մենք պետք է խուսափենք նման իներտությունից, արտադրանքը միայն ավանդական շուկաներում սպառելու գայթակղությունից: Նոր շուկաներ և արտադրատեսակներ բացահայտելու գործում երկչոտությունը կարող է կործանարար լինել»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա