3 ուսուցիչ առաջին կարգի մրցանակ է ստացել
Էջմիածին քաղաքի հայորդաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի այս տարվա հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին:
Հանդիսությանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հոգևորականներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԿԳՆ-ի համագործակցությունը:
Նախարարը մասնավորապես նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին կրթության և գիտության նախարարության կարևոր գործընկերներից է: Հայ առաքելական եկեղեցու և հայ մանկավարժի համագործակցությունը ձևավորվել է պատմականորեն:
«Պետականության բացակայության ժամանակ հայ եկեղեցին մշտապես ստանձնել է կրթության կազմակերպման գործն ու արժանապատվորեն կրել այդ բեռը: Այժմ, պետականության վերականգնումից հետո, ավանդույթները շարունակելու, բարոյական նորմերով և սահմանադրությամբ ամրագրված հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելու խնդիր և պարտավորվածություն ունենք: Ես համոզված եմ, որ ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այնպես էլ այսօր մեր եկեղեցին շաղախված է հայ մարդու ինքության և արժեհամակարգի մեջ: Եկեղեցին մեր կյանքում ունի բացառիկ հոգևոր առաքելություն և ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում որևէ մեկն այդ բացառիկությունը չի կարող կասկածի տակ դնել»,-ասել է նախարարը:
Ողջույնի խոսքում նախարար Ա. Աշոտյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 60 և գահակալության 12-ամյակի կապակցությամբ: Ա. Աշոտյանը նշել է նաև, որ մրցույթի հիմնական նպատակը լավագույն ուսուցիչներին մեծարելն ու խրախուսելն է:
«Մենք ունենք հազարավոր մանկավարժներ, ովքեր անխոնջ աշխատում են այս շնորհակալ ասպարեզում և մենք պարտավոր ենք գնահատանքի և մեծարանքի արժանացնել նրանց»,- ընդգծել է նա:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, տարվա «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների պարգևները հանձնել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մրցանակները տրվել են «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և մրցույթում այս տարի ընդգրկված լավագույն դասավարի համար: Մրցույթի առաջին փուլն անցկացվել է մարզերում: Հայ առաքելական եկեղեցու թեմերի և Կրթության աղգային ինստիտուի ներկայացուցիչները յուրաքանչյուր մարզից ընտրել են լավագույն մասնագետներին, ովքեր հետո մրցել են ԿԳՆ-ում անցկացված հանրապետական փուլում:
Մրցույթի հանրապետական փուլին մասնակցել են 50 ուսուցիչներ: Առարկայական հանձնաժողովների որոշմամբ շնորհվել է 3 առաջին կարգի, 9-ը` երկրորդ կարգի և 15` երրորդ կարգի մրցանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան