Արթիկի և Մարալիկի հիվանդանոցներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրեց նորածնային խնամքի սարքավորումներ
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը» հայտարարում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը, ինչպես նաև մի խումբ նեոնատոլոգներ, այցելել են Շիրակի մարզի Մարալիկի և Արթիկի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներ: Ծննդատներն ունեն հատուկ սարքավորումների կարիք`հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ անկանխատեսելի բարդություններից նորածինների կյանքը փրկելու համար:
Դրանք թույլ են տալիս պահպանել նորածնին անհրաժեշտ մարմնի ջերմաստիճանը և կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունը` մինչև մարզկենտրոնի կամ Երևանի համապատասխան բուժհաստատություն տեղափոխելը: Կյանքին պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան` հետագայում զերծ մնալով այլ միջամտությոններից:
«Նորածնային խնամքի ծրագրի շրջանակներում սա մեր երկրորդ այցելությունն է Շիրակի մարզ: Անցյալ տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը նմանատիպ սարքավորումներ է տրամադրել Գյումրիի երկու ծննդատան: Վստահ ենք, որ այն կօգնի նվազեցնել նորածնային մահացության ցուցանիշը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունը դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երևանի հիվանդանոցներ մանուկների տեղափոխման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսը: Յուրաքանչյուր երեխայի կյանք պարգև է, և որպես հոգատար ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ծննդատներին օգնելու և այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը կրճատելու հարցու»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արթիկում գրանցվել է ծնելիության աճ. 2010-ին այստեղ ծնվել է ավելի քան 800 երեխա: Այս հիվանդանոցը հագեցվել է վերակենդանացման ինտենսիվ համակարգով, որը համալրված է նորածինների խնամքի համար նախատեսված ինկուբատորով, դեղնախտով ծնված երեխաների բուժման լուսաթերապևտիկ համակարգով, թթվածնի մակարդակի չափման համար նախատեսված զարկերակային օքսիմետրով, հեղուկների երակային ներարկման պոմպով, ինչպես նաև` մարմնի ջերմաստիճանի պահպանման համար նախատեսված ջեռուցվող ներքնակով: Հիպոթերմիան կարող է հանգեցնել մահվան, և նորածնի մարմնի ջերմաստիճանի պահպանումը, պարզ, բայց կարևոր միջոց է:
Մարալիկի մոր և մանկան բաժանմունքն ավելի փոքր է. 2010-ին այստեղ ծնվել է մոտ 300 մանուկ: Բարդություններով ծնված մանուկների խնամքն ապահովելը կարևոր է այս բաժանմունքում ևս: Տեղի ծննդաբերության սենյակում տեղադրվել է անմիջապես ծննդից հետո ջերմության ապահովման և վերակենդանացման ջերմապահովման սարք, ինչպես նաև թթվածնի մուտքը վերահսկող զարկերակային օքսիմետր և հեղուկների երակային ներարկման պոմպ: Կա նաև մարմնի ջերմաստիճանի պահպանման համար նախատեսված ջեռուցվող ներքնակ, ինչը թույլ է տալիս պահպանել երեխայի մարմնի ջերմաստիճանը` չհեռացնելով նրան մոր կողքից:
Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը չորս տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Երևանի և մարզերի 23 բժշկական կենտրոնում տեղադրվել է մոտ 298 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: Մասնագետների հավաստմամբ` դրական արդյունքներն ակնհայտ են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում