Մի՛ կաշկանդեք երիտասարդներին գիտական աստիճաններով. Apple-ի «Մյուս Սթիվ»-ը Հայաստանում խորհուրդներ է տվել
Աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի խոսքով, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տպավորիչ հաջողությունների հասնելու համար պետք է սկսել կրթական համակարգից, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Վոզնյակը:
Սթիվ Վոզնյակը, ում հաճախ անվանում են Apple-ի «Մյուս Սթիվ» կամ iWoz, քանի որ նա այնքան հայտնի չէ, որքան հոկտեմբերին մահացած Սթիվ Ջոբսը` ընկերության մյուս համահիմնադիրն ու երկարամյա գործադիր տնօրենը, Երևան է ժամանել երկօրյա այցով` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը:
«Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին և ընկերությունների խրախուսմանը, ապա կարող եմ ասել, որ ոլորտն` ընդհանրապես, արդեն իսկ ունի ավանդույթներ և մի շարք լավ տեխնիկական համալսարաններ: Հենց դրանից է պետք սկսել», - նշել է Վոզնյակը` ընդգծելով, որ ԱՄՆ-ի տեխնոլոգիական նորարարության դարբնոցի` Սիլիկոնային հովտի հաջողությունների հիմքում ընկած են լավ դպրոցները և ճարտարագետները:
«Մի կաշկանդեք երիտասարդ մարդկանց գիտական աստիճաններով: Դա այդքան էլ լավ չէ, երբ ընկերությունները այս ոլորտում աշխատանք փնտրողներից պահանջում են միայն դիպլոմներ», - խորհուրդ է տվել Apple-ի համահիմնադիրը: - «Պետք է նկատել այն երիտասարդներին, ովքեր ինքնուրույն են մտածում և ունեն նոր, լավ գաղափարներ` իսկական նորարներին:
Շատ լավ է, եթե դուք ունեք բազմաթիվ երիտասարդներ համալսարաններում, և այդ համալսարանները ունեն հնարավորություններ` միգուցե տրամադրված մասնավոր ընկերությունների կողմից, և լավ կլինի, որ բուհերում սովորող ու ընկերություններում աշխատող երիտասարդները ունենան ստեղծագործելու ազատություն: Ընդ որում, այդ երիտասարդների աշխատանքը չպետք է ունենա միայն կոմերցիոն նպատակներ, այլ կարող է ծառայել այդ իսկ երիտասարդների գիտելիքների զարգացմանը: Եվ երբեմն դա կբերի մի այնպիսի ցնցող արդյունքի, որից կարող է օգտվել նաև այդ արդյունքին մոտ կանգնած ընկերությունը, որը ստեղծել էր վերոհիշյալ հնարավորությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա