Իսրայելի վարչապետը կառավարությանն արգելել է խոսել Իրանի վրա ռազմական հարձակում գործելու մասին
Իսրայելի վարչապետի կարգադրությամբ` կառավարության անդամներին արգելվում է խոսել Իրանի վրա ռազմական հարձակման մասին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻՆՆ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է, որպեսզի կառավարության անդամները ձեռնպահ մնան Իրանի վրա ռազմական հարձակման կամ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց, իսկ Իսրայելի ՊՆ ռազմական վերահսկողության վարչության ղեկավար Սիմա Ջելին արգելել է Իրանի վրա ռազմական հարձակման մասին տեղեկատվություն հրապարակել:
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու ժամանակը մոտենում է: Պերեսի հայտարարությունից օրեր անց հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ով հայտարարեց, որ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում գործելու որոշում առայժմ չի կայացրել:
Իսկ մինչ այդ, իրանական «ասրիրան.քոմ» կայքը հաղորդել էր, որ Իսրայելի ուժային կառույցների ղեկավարները` բանակի ընդհանուր շտաբի պետը, ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության (Մոսադ) և ներքին անվտանգության գերատեսչությունների ղեկավարները դեմ են Իրանի վրա ռազմական հարձակում իրագործելու` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի ծրագրերին: