Ես սիրահարված եմ համակարգչին. Վոզնյակ
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. Մրցանակի դափնեկիր, Apple Computer կորպորացիայի համահիմնադիր պ-ն Ստիվ Վոզնյակին և նրա տիկնոջը` տ-ն Ջանեթ Վոզնյակին:
Համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից հայտնում են, որ արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) կատարած նրա այցելության` ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Ստիվ Վոզնյակին շնորհվել էՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Այդ կապակցությամբ հրավիրված արտահերթ նիստը բացել է ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ասել է. «Մենք շոյված ենք, որ պարոն Վոզնյակն իր ծանրաբեռնված օրակարգում տեղ է հատկացրել մեզ համար և այցելել ՀՊՃՀ»: Ռեկտորի` ՀՊՃՀ ձեռքբերումների և տեսլականների համառոտ ներկայացումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Պոլիտեխնիկի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Տպավորիչ է եղել պարոն Վոզնյակի խոսքը: «Մեծ պատիվ է ՀՀ-ում իմ գտնվելը. այս համալսարանը մեծ նշանակություն ունի ինձ համար, ինչպես աշխարհի ցանկացած այլ պոլիտեխնիկական բուհ: Վաղ հասակում եմ հասկացել, որ պետք է ճարտարագետ դառնամ, քանի որ ճարտարագետներն են, որ կարողանում են ինչ-որ բան ստեղծել, արարել: Մեր կյանքը լի է եղել և շարունակում է լեցուն մնալ տեխնոլոգիաներով: Ես սիրահարված եմ համակարգչին, որովհետ կարող եմ այն ծրագրավորել: Ասեմ, որ իմ ջանքերը կիրառել եմ դեռևս Սառը պատերազմի ժամանակ. այն ժամանակ ես մտածում էի, որ եթե որևէ մեկը քեզ վնասում է, ապա պարտադիր չէ, որ դու էլ նույն կերպ պատասխանես. այդ իսկ պատճառով ես այսօր հպարտ ու պարզ կանգնած եմ ձեր առջև: Երեկ երբ հանդիպեցի կաթողիկոսի հետ, վերհիշեցի ուսանողական տարիներս, երբ ինձ ներշնչում էր ոչ միայն գիտությունը, այլ նաև հավատքը»:
Ամփոփիչ խոսքում ռեկտորն ասել է, որ պարոն Վոզնյակի հաջորդ այցելության ժամանակ նա վստահաբար ականատես կլինի այս համագործակցության արդյունք` ՀՊՃՀ ձեռքբերումներին:
Համալսարանից հիշեցնում են, որ մինչ այժմ ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել «INTEL» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 1-ին մրցանակակիր Քրեյգ Բարրեթին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին, ՀՊՃՀ Խորհրդի նախկին նախագահ, պետական և հասարակական ականավոր գործիչ Ֆադեյ Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ վաստակաշատ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանին և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին