Հատկապես Ադրբեջանում թալիշները հալածանքների ու խտրականության են ենթարկվում. Մեկնարկել է թալիշագիտական գիտաժողովը
Երևանում այսօր առավոտյան մեկնարկեց թալիշագիտական 2-րդ երկօրյա միջազգային գիտաժողովը: Դրա ընթացքում կներկայացվեն թալիշ ժողովրդի պատմությունը, մշակույթը: Ինչպես նշեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, իրանական այս ժողովրդի բազմաշերտ հավատալիքների, հարուստ, բազմաժանր բանահյուսության, պատմության, լեզվի ու մշակույթի ուսումնասիրությունը հայ իրանագետների ուշադրության կենտրոնում է: Հրապարակվել են մի քանի գրքեր, այօր էլ նախատեսվում է «Թալիշ ժողովրդի պատմության ու մշակույթի ներածություն» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը, որը պատրաստվել է իրանագիտության ամբիոնի կողմից, խմբագրել է պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Նշենք, որ միջոցառումը «Iran and the Caucasus» ամսագրի 15-ամյակին նվիրված հերթական միջոցառումն է: Միջոցառման կայացմանը նպաստել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի, որը ևս միջոցառման կազմակերպման աջակիցներից է, ղեկավար Արա Պապյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թալիշագիտությունը Հայաստանում կարևորվում է, քանի որ թալիշները մեզ հարևան ժողովուրդ են: «Այո, պետականազուրկ ժողովուրդ են, պետություն չունեն, բայց երկրների ու ժողովուրդների համար հարևաններ են ոչ միայն ժողովուրդները, այլև պետությունների մեջ ապրող տարբեր կազմակերպված խմբեր` լինեն էթնիկ, կրոնական խմբեր, թե այլ կառույցներ»,-ասաց Պապյանը:
Նա հիշեցրեց, որ թալիշները բավականին մեծաթիվ ժողովուրդ են, ապրում են Իրանում ու Ադրբեջանում: «Հատկապես Ադրբեջանում նրանք հալածանքների ու խտրականության են ենթարկվում, մենք եթե խոսում ու պայքարում են հանուն հայ ժողովրդի իրավունքների, բնակաբանար մեր բարոյական պարտքն է աջակցել նաև այլ ժողովուրդների իրենց ինքնության պահպանման, իրենց մշակույթի զարգացման հարցում: Եթե տարբեր ժողովուրդներ իրենց ինքնությունը պահպանում են Ադրբեջանի մեջ, նշանակում է, որ իրենք այդ ձևով կարողանում են իրենց դերակատարությունը ունենալ այս տարածաշրջանում, ինչը տարածաշրջանում հավասարակշռության պահպանման առումով մեզ ձեռնտու է»,-նկատեց Պապյանը:
Նշենք, որ գիտաժողովին բացի հայ գիտնականներից մասնակցում են նաև հայտնի մասնագետներ Ռուսաստանից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից ու Կանադայից` շուրջ 30 մարդ: Թալիշագիտական առաջին գիտաժողովը անցկացվել է Ծաղկաձորում, 2005-ի մայիսին:
Թալիշագիտությունը իրանագիտության բաղկացուցիչ մասն է: Իրանում թալիշների՝ հնագույն այս ժողովրդի բնակության հիմնական տարածքը, այսպես կոչված, Թալիշի շրջանն է, որը բարակ գոտու ձևով փարվում է Կասպից ծովի հարավային ափին և հասնում մինչև Էնզելի նավահանգստից ոչ հեռու Քոփուլ-չալ բնակավայրը: 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմների հետևանքով թալիշները բաժանվել են երկու մասի և բնակվում են ներկայիս Իրանի հյուսիսային /Գիլան/ ու Ադրբեջանի հարավային շրջաններում: Թալիշներն ունեն ինքատիպ մշակույթ, որը հանդիսանում է Կասպից ծոցի հարավային սահմանամերձ մշակութային գոտուն բնորոշ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան