«Ազադլիգ». «Նախիջևանում հեյդարիզմը վերածվել է իլհամիզմի»
«Ազադլիգ»-ի թղթակից Նաթիգ Գյուլահմեդօղլուն պատմել է Նախիջևանով Թուրքիա կատարած իր եռօրյա այցից ստացած տպավորությունների մասին:
«Նախիջևանում Հեյդար Ալիևին պատկերող որևէ պաստառ չտեսա: Դրա փոխարեն` ամենուրեք փակցված են Իլհամ Ալիևի դիմանկարները: Նախիջևանից դեպի Թուրքիա ճանապարհին մեզ ողջունեց Իլհամ Ալիևի անվան օլիմպիական համալիրը: Նախիջևանում հեյդարիզմը փոխակերպվել է իլհամիզմի: Ասում են` Նախիջևանը ավտորիտարիզմի լաբորատորիա է: Ժողովրդին ճնշելու և բթացնելու համար այստեղ հաջողությամբ քննություն անցած փորձը հետո ներդրվում է Ադրբեջանում:
Նշանակում է` մոտ ժամանակում Բաքվում և Ադրբեջանի այլ վայրերում ևս կհայտնվեն Իլհամ Ալիևի անվան կամուրջներ, պալատներ, պողոտաներ: Նախիջևանի թերթի կրպակներում իշխանամետ թերթերից բացի, միայն խաչբառներ են վաճառվում: Դրա պատճառն այն է, որ իրենց կենսական կարիքները հոգալու համար այստեղից հաճախակի Թուրքիա մեկնող քաղաքացիները կարողանան խաչբառ լուծելով հաղթահարել երկար ճանապարհը: Ամենից շատ ինձ ցնցեց սահմանի`թուրքական մասում տիրող իրավիճակը: Այստեղ ամենուրեք փնթիություն, հակասանիտարական վիճակ էր տիրում: Գոմ հիշեցնող հին շենքերում տեղավորված մաքսատան զուգարանները Սոմալին էին հիշեցնում», -պատմում է «Ազադլըգ»-ի թղթակիցը: