«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագիրք՝ տեսողության խնդիրներ ունեցող աշակերտների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել էր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բրալյան տարբերակի վերածման և հրատարակման ծրագիր, որի իրականացումը ստանձնել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նոյեմբերի 14-ին՝ կույրերի միջազգային օրվա առիթով, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի է ունեցել օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրալյան տարբերակը:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջունել և Վեհափառ Հայրապետի օրհնությունն է փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով նաև Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Սրբազան Հայրը բարձր է գնահատել կազմակերպիչների նախաձեռնությունը՝ շեշտելով վերջինիս հրատապությունը հասարակության հատուկ ուշադրության կարիք ունեցող հատվածի համար:
Հանդիսությանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մնացյալ դասարանների դասագրքերի հրատարակությունը բրալյան տարբերակով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան