«Amnesty International»-ն անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ուշադրություն դարձնել Ադրբեջանում առկա մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերին: Այս մասին է հաղորդում «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, զեկույցում իրավապաշտպանները ուշադրություն են հրավիրում ընդդիմության ակտիվիստների, հասարակական գործիչների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վրա:
Զեկույցում նաև քննադատություն է հնչում իշխանությունների՝ Բաքվի կենտրոնում ընդդիմության կողմից հանրահավաքներ անցակցնելու արգելքների առնչությամբ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը, իշխանությունները ցրել էին երիտասարդ ակտիվիստների կողմից նախաձեռնած բողոքի ակցիան ու ծեծի ենթարկել դրա մասնակիցներին: