Մեկնարկեց «ArmNet 2011» նախագիծը
Այսօր մեկնարկել է «ArmNet Awards 2011» համահայկական ինտերնետային մրցույթը և «ArmNet 2011» միջոցառումների շարքը, որոնք կազմակերպվում և իրականացվում են SP Marketing Solutions, Orange Արմենիա ընկերությունների և Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ կողմից: ArmNet 2011-ի շրջանակներում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված 3 միջոցառում, որոնցից երկուսն առաջին անգամ անցկացվել են նախորդ` ArmNet 2010-ի շրջանակներում, իսկ վերջինը Հայաստանում այս տարի տեղի է ունենալու առաջին անգամ:
Կազմակերպիչների հաղորդմամբ, «Armnet 2011»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:
Նախագծի միջոցառումներից առաջինը` «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:
Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում.
• Դիզայն և հարմարավետություն
• Նորարարություն
• Տեխնիկական կատարում
• Բովանդակություն
• Տարվա առաջընթաց
• Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից առավելագույն թվով ձայներ ստացած կայքը)
• Ժողովրդական ընտրություն (ըստ հանրային քվեարկության)
• Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար
«Armnet 2011» ինտերնետային մրցույթն անց է կացվելու մեկ փուլով, որի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և կընտրեն հաղթողներին` ըստ անվանակարգերի, ինչպես նաև կորոշեն մրցույթի գլխավոր մրցանակակրին:
Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն, որն իրականացվում և ապահովվում է Nikita Mobile ընկերության կողմից: Բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 10-41 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարակության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցույթին գրանցման և մասնակցության մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2011-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am
ArmNet 2011-ը նաև ներառում է ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Կոնֆերանսին կմասնակցեն հրավիրված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Կոնֆերանսի խորագիրն է «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ»:
ArmNet կոնֆերանսի շրջանակներում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Begun կազմակերպության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Դանիլենկոն, Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, France Telecom-ի պորտալների և NExT ապրանքների գծով փոխտնօրեն Թոմաս Կոլերը, Artviko-ի գլխավոր գործընկեր Յարոսլավ Գրեշիլովը, Opera Software /ԱՊՀ/ կազմակերպության hանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը և այլոք:
«ArmNet 2011-ն ունի խիստ ներկայացուցչական կազմով ժյուրի և շատ հետաքրքիր բանախոսներ: Այս մարդկանց համաժամանակյա ներկայությունը Երևանում կօգնի ստեղծել բացառիկ միջավայր, որտեղ հայ մասնագետները կարող են մտքեր և այցեքարտեր փոխանակել իրենց հանրաճանաչ գործընկերների հետ: Որպես ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություն, որն առաջատարն է շարժական ինտերնետի ոլորտում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաև Հայաստանում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Ուրախ ենք արդեն երկրորդ տարին շարունակ լինել Հայաստանում ինտերնետի այս մեծ տոնը նախաձեռնողներից»,-այսօր ասուլիսում ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Այս տարի առաջին անգամ Հայաստանում ArmNet 2011-ի շրջանակներում տեղի կունենա նաև «Start-Up Weekend Yerevanե նորարար նախագծերի մրցույթը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր ներկայացնելու և թեսթավորելու են իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները Ինտերնետի ոլորտում:
Նախաձեռնության նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման խթանումը Հայաստանում:Կազմակերպիչները հույս ունեն, որ «Start-Up Weekend Yerevanե նորարար նախագծերի մրցույթի շնորհիվ Հայաստանի նորարարական ընկերությունների շարքին կմիանան նորաստեղծ ընկերություններ, ինչը գործուն ներդրում կլինի նորարարական տնտեսության կայացման և զարգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին