Ա.Աշոտյանը «Գալիք»-ի խաբված ուսանողներին. «Ի՞նչ դիպլոմ, ի՞նչ 24 հազար դրամ»
Նախօրեին «Գալիք» համալսարանի չարաբաստիկ «Կառավարում» ֆակուլտետի այն 51 ուսանողների ներկայացուցիչները, որոնց բուհի ղեկավարությունը ժամանակին տեղյակ չէր պահել, որ ֆակուլտետի լիցենզիան կասեցված է և նրանք մեկ ուսումնական տարի են կորցրել, ասուլիս էին հրավիրել: Ասուլիսում ուսանողները շեշտեցին, որ բուհի ղեկավարությունը, այդուհանդերձ, շարունակում է նրանց հավաստիացնել, թե դիպլոմները այսօր-վաղը կստանան և սա այն դեպքում, երբ Կրթության և գիտության նախարարությունը հստակ ասել է` լիցենզիան կասեցված էր, հետևաբար ավարտական քննություններ չեն հանձնել (ամեն դեպքում նախարարությունը համապատասխան հանձնաժողով չի ձևավորել) ու դիպլոմ ստանալու մասին խոսք լինել չի կարող:
Սակայն բուհի ղեկավարությունը ոչ միայն սին հույսեր է արթնացրել ուսանողների շրջանում, այլև նրանցից պահանջում է 24 հազար դրամ գումար դիպլոմի համար: Ավելին` կան ուսանողներ, որոնք այդ գումարը վճարել են, հաշվապահությունից ստացել են վճարման անդորրագիր ….
««Գալիք» համալսարանը ոչ մի դիպլոմ չի կարող տրամադրել ու ուսանողներն էլ ոչ մի դիպլոմ չեն կարող ստանալ, քանի որ չեն հանձնել պետական ավարտական քննություններ ու հետևաբար ոչ մի գումար էլ չպետք է մուծեն… Ընդհանրապես պետք է մոռանան ճանապարհը դեպի «Գալիք» և շատ արագ սկսեն մեզ հետ աշխատել, որպեսզի մենք իրենց տեղավորենք այն բուհերը, ուր կցանկանան»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան այսօր պարզաբանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը :
Այն, թե ի՞նչ են հանձնել բուհի ուսանողները, որի հիման վրա այսօր ղեկավարությունը պատրաստվում է դիպլոմ տալ, նախարարին հայտնի չէ, քանի որ, կրկնեց, ինքը հանձնաժողով կազմելու լիազորություն չի տվել.
«Դա եղել է խաբեության հերթական քայլ»,- ավելացրեց նախարար Աշոտյանը:
Նշենք, որ երեկվա ասուլիսին ներկա էր նաև «Գալիք» համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչը, որը հավաստիացրեց, թե բուհն իր հերթին պատրաստվում է դիմել դատարան` հայց ներկայացնելով Կրթության և գիտության նախարարության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան