Նոր անգլալեզու պորտալն ավելի գրավիչ կդարձնի կրթական համակարգը արտերկրի ուսանողների համար
ՀՀ Կրթության և գիտության նախարարության գերակայություններից մեկը բուհական համակարգը առավել գրավիչ դարձնելն է նաև արտասահմանցի ուսանողների համար` ապահովելով կրթության որակ-գին հարաբերակցությունը: Այս մասին այսօր հիշեցրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին պատմող անգլալեզու մի շարք ինտերնետ-ռեսուրսներ:
studyinarmenia.org և amhe.am բուհական պորտալն այսուհետ հնարավորություն կտա օտարազգի քաղաքացիներին, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցներին ավելի համապարփակ տեղեկություններ ստանալ ու ծանոթանալ հայաստանյան բուհերի գործունեությանն ու առաջարկներին (խոսքը միայն այն բուհերին է վերաբերում, որոնք իրավունք ունեն օտարազգի ուսանողներ կրթել), անգամ առցանց իրենց դիմումը ներկայացնել դրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև հետևել կրթական նորություններին և այլն:
«Գաղտնիք չէ, որ թե ԽՍՀՄ տարիներին, թե անկախությունից ի վեր ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրքեր ունի արտասահմանցի ուսանողներին ներգրավելու առումով և մեր հավակնություններն են` պահպանել տարածաշրջանային բարձրագույն կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի գործառույթները ու առավել գրավիչ դարձնելով համակարգը` առավելագույն ռեսուրսներ ներգրավել արտերկրից» ,- շնորհանդեսին հայտարարեց նախարարը:
Նրա խոսքերով, սա առաջին անգլալեզու ռեսուրսն է, որը նման հնարավորություններ է ընձեռում արտասահմանցի դիմորդներին ու իր հերթին ավելի լայն դարձնում մեր բուհական համակարգի ակնկալիքները` դրսի ուսանողների թվաքանակի ավելացման իմաստով: Մի խոսքով` սա ժամանակակից գործիք է ու մեծ պատուհան, որը կբացվի նաև Հայաստանի համար ու կուղորդի դեպի միջազգային այլ շուկաներ:
Իհարկե, կարևոր է նաև, որպեսզի բուհերը նույնպես պատրաստ լինեն արդիականացվել ու կարողանան մատուցել առավել մեծ շրջանակի կրթական ծառայություններ` ապահովելով բուհի ներսում ուսանողական ենթակառուցվածքների լիարժեք գործունեություն, գրադարանների ժամանակից համալրում, մարզադահլիճների առկայություն, ինչպես նաև հանրակացարանային կարևոր խնդրի լուծում. «Այստեղ խնդիրներ շատ կան, քանի որ, օրինակ, ոչ բոլոր բուհերն ունեն հանրակացարաններ և այլն: Սակայն այսօր, երբ կրթական համակարգի ազատականացում է ընթանում, բուհերն ունեն հնարավորություն և իրենցից է կախված, թե որքանով բուհը կլինի մրցունակ Հայաստանի շուկայում և կկարողանա ներգրավել արտերկրից ուսանողներ»,- ընդգծեց Ա.Աշոտյանն ու ավելացրեց, որ այդ հավակնությունները իրատեսական են ու բոլոր այդ հնարավորությունները ունենք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան