«Նոր ուսանողակենտրոն կարգերը կթեթևացնեն սոցիալական բեռը և կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ԿԳ նախարարության կողմից մշակված մի քանի նոր կարգեր, որոնք ենթադրում են սկզբունքային նորարարություններ բուհական կրթական համակարգում և նպատակ ունեն նպաստել կրթական գործընթացում ուսանողների իրավունքների պաշտպանության ընդլայնմանն ու բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Ըստ նրա` ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը, որը Բոլոնիայի գործընթացի գերակա ուղղություններից մեկն է և նշանակում է ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն այն ակադեմիական տարածքում, որի մասն են կազմում ոչ միայն Հայաստանի, այլև Բոլոնիայի գործընթացի անդամ այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ըստ նախկինում գործող կարգի` ուսանողը մի բուհից մեկ այլ բուհ տեղափոխվելու համար պետք է թույլտվություն ստանար երկու ռեկտորներից, ինչը դժվարացնում էր տեղափոխման գործընթացն ու այդքանով սահմանափակում շարժունությունը` ստեղծելով հավելյալ կոռուպցիոն ռիսկեր: «Նոր կարգով, թողարկող բուհի ռեկտորի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ»,- նշեց նախարարը` հավելելով, որ նախարարությունն ուսանողներից ստացել է բազմաթիվ բողոքներ, որոնք վկայում են, որ ռեկտորները, որպես կանոն փորձում են խոչընդոտել իրենց բուհերից ուսանողների մեկ այլ բուհ տեղափոխումը:
Ա.Աշոտյանի տեղեկացմամբ էական փոփոխություններ են կատարվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման` այսինքն պետական ավարտական քննություններին վերաբերող կարգում: Գործող կարգով պետական ավարտական քննությունները վերահանձնման և բողոքարկման ենթակա չէին: Ըստ Ա. Աշոտյանի` բուհերի պետական քննությունները կոռուպցիոն լուրջ ռիսկեր էին պարունակում և այդ առնչությամբ ևս նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստացել: «Նոր կարգով պետական քննությունների ողջ ընթացքը հանձաժողովի կողմից ենթակա է ձայնագրման, որը կպահպանվի մեկ օր: Գլխավոր նորամուծությունը` պետական ավարտական քննությունները ենթակա են բողոքարկման` քննության հանձնման օրը: Բողոքարկումից հետո նոր քննություն չի կազմակերպվի, բողոքի ուսումնասիության հիմք կհանդիսանա ձայնագրությունը»,- նշեց նախարարը` ավելացնելով, որ բողոքի ուսումնասիրման գործընթացում պարտադիր է լինելու ուսանողական խորհրդի և բուհի վարչակազմի ներկայցուցիչների ներկայությունը: Նոր կարգով նվազեցվել է նաև քննական հանձնաժողովի նախագահի ազդեցությունը գնահատականի ձևավորման վրա:
«Մյուս գլխավոր փոփոխությունը` եթե նախկինում պետական ավարտական քննության ժամանակ անհաջողության մատնված ուսանողը կարող էր քննությունը վերահանձնել 3 տարվա ընթացքում, ապա այժմ ժամանակային սահմանափակումը հանվել է»,- ասաց նախարարը: «Ուսանողների հեռացման, ազատման կամ վերականգնման կարգով» սահմանվում են հետևյալ նորարարությունները` եթե նախկինում ուսանողը որևէ քննություն չհանձնելու պատճառով հեռացվում էր բուհից, ապա վերականգնվելու դեպքում ստիպված էր վճարել ուսումնական ողջ դասընթացի արժեքը: Նոր կարգով վերականգնված ուսանողը պետք է վճարի միայն այն առարկաների կրեդիտների արժեքը, որոնցից նա ձախողվել է
Մյուս նորությունը` եթե նախկինում ուսանողը «անբավարար» էր ստանում երեք ընթացիկ քննություններից, ապա հեռացվում էր բուհից: Վիճակագրական տվյալների համաձայն` այս տարբերակով բուհերից հեռացված ուսանողների 95 տոկոսն ավելի ուշ վերականգնվել է և շարունակել կրթությունը: Նոր կարգով ընթացիկ «անբավարար» առաջադիմությամբ ուսանողները, բացառությամբ պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքով սովորողների, իրավունք կունենան մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը ունենալ ակադեմիական պարտքեր` 12 կրեդիտի չափով: Այսինքն քննությունը չստանալու դեպքում, ուսանողը դուրս չի մնա, կտեղափոխվի հաջորդ կուրս` ունենլով պարտք, որը նա պետք է մարի ընթացիկ դասընթացներին զուգահեռ, մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը:
Որոշակիորեն հստակեցվել են նաև բանակ զորակոչված ուսանողների հետագա կրթությունը շարունակելու խնդիրները. «Բանակ զորակոչված ուսանողի տեղը երաշխավորված է, վերադառնալուց հետո նա պետք է առանց խոչընդոտի շարունակի կրթական գործընթացն այն կետից, որից այն ընդհատվել է` անկախ ծրագրային տարբերություններից: Տարբերություններն ուսանողը կհանձնի ընթացիկ դասընթացներին զուգահեռ»,- շեշտեցԱ. Աշոտյանը:
ԿԳ նախարարը նշեց, որ վերոնշյալ կարգերն արդեն հաստատված են և այժմ գտնվում են արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման փուլում: Դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան