Դինքի սպանությունը պատվիրողի հայրն անսպասելի խոստովանություն է արել
Ստամբուլում տպագրվող «Ագոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Յասին Հայալի հայրը` Բահաթթին Հայալը, խոստովանել է, որ Դինքի սպանությունից հետո իշխանությունների ներկայացուցիչները զանգահարել են իրեն և դրվատանքի խոսքեր ասել` լավ զավակ մեծացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
-Նրանք ասեցին. «Հայրենիքին, ազգին պիտանի զավակ եք մեծացրել, շնորհավորում ենք»,- Ստամբուլի 14-րդ Քրեական դատարանում Դինքի գործով շարունակվող հերթական դատալսումից հետո լրագրողներին հայտնել է Յասին Հայալի հայրը:
Աղբյուրի համաձայն, նույն օրը Բահաթթին Հայալը ցանկացել էր ելույթ ունենալ դատարանում, սակայն նրան թույլ չեն տվել:
Բահաթթին Հայալը լրագրողներին նաև ասել է, որ նա այս մասին խոստովանել է Տրապիզոնի դատախազներին, սակայն իր վրա ճնշում են գործադրել`ստիպելով փոխել ցուցմունքը: Դատախազները սպառանացել են, որ, եթե նա իր ցուցմունքը չփոխի, «իր հետ վատ բան կկատարվի»:
Նշենք, որ Յասին Հայալը մի քանի տարի է, ինչ ձերբակալված է Դինքի սպանությունը պատվիրելու մեղադրանքով: Նա խոստովանել էր, որ ինքն է հրահրել Օգյուն Սամասթին սպանել Հրանտ Դինքի: