Երկրաշարժ Մուշում
«CnnTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ այսօր լուսաբացին Թուրքիայի Մուշ քաղաքում արձանագրվել է երկրաշարժ: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն` ստորգետնյա ցնցումները Ռիխտերի սանդղակով եղել են 4.5 բալ մագնիտուդով: Էպիկենտրոնը հայտնաբերվել է Մուշի Վարթո շրջանում: Իսկ Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժների հետազոտության տվյալներով` ցնցումները կազմել են 4.6 բալ: Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Մուշը հայոց պատմական քաղաքներից է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգում: Գտնվում է Մշո դաշտի հարավային մասում: Մուշը կարևոր դեր է խաղացել Արևմտյան Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքում։ Իր դարավոր պատմության ընթացքում Մուշը հիշատակվել է իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք, իսկ 19-20-րդ դարերից սկսած մատենագիրները նշում են իբրև քաղաք: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական ղեկավարության կազմակերպած հայկական ջարդերի հետևանքով Մուշը զրկվեց հայ բնակչությունից։