Արագածոտնի մարզում անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել 3,115 մարդ
Ավարտին է մոտենում Արագածոտնի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արագածոտնի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ծրագրի շրջանակներում ավելի քան 1,800 մեծահասակներ և շուրջ 1,300 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 600 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է մոտ 600 ակնոց: Իրականացվել են մոտ 200 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, մոտ 500 երեխաների համար Արագածոտնի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ: Այս մասին հայտնում են Orange Հիմնադրամի մամուլի բաժնից:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բնակչության ակնային զննումների աշխատանքերում Հայկական ակնաբուժության նախագծին ակտիվորեն աջակցել են տեղի ակնաբույժները` մասնավորապես Թալինի և Աշտարակի շրջաններում: Այստեղի և հարակից գյուղերի բնակիչները դիմել են տեղի ակնաբույժներին, ովքեր հիվանդներին ընդունել են շրջկենտրոններում կամ որոշակի օրերի այցելում շրջանների գյուղերը: Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական խմբերն իրենց հերթին այցելել են Արագածի և Ապարանի շրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կայանել էր Ծաղկահովիտում, Ապարանում, Թալինում, և մինչև նոյեմբերի 20-ը կլինի Աշտարակում:
Արագածոտնի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 5 միլիոն դրամ:
«Մեր ընկերության առաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այդ իսկ պատճառով տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են: Շիրակի մարզի նախագծից հետո այսօր Արագածոտնում ենք, որտեղ հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հատկանշական է, որ ախտորոշված երեխաների 68%-ն ակնային զննում էին անցնում առաջին անգամ, իսկ հիվանդության առաջնային փուլում բացահայտումը միակ երաշխիքն է դրա հետագա զարգացման կանխման համար: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ և շնորհավորում ենք նրանց այս արդյունքների համար», -ասել է Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան, ով այսօր այցելել է Աշտարակում կայանած աչքի շարժական հիվանդանոցը: Սա նրա երկրորդ այցելություն էր` հիվանդների զննմանն ու վիրահատություններին ականատես լինելու և մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ զրուցելու նպատակով:
«Շիրակի մարզում մենք ավարտեցինք «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող մեր չորրորդ շրջայցը, իսկ Արագածոնտում սկսեցինք հինգերորդը: Տեղեկացնեմ, որ հաջորդ տարի կայցելենք Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև հնարավոր է Լեռնային Ղարաբաղ: Ուրախալի է արձանագրել, որ սկսած 2003 թ. բազմաթիվ գործընկերների և հովանավորների աջակցությամբ մեզ հաջողվել է ստուգել ՀՀ բնակչության գրեթե 10 %-ի տեսողությունը և օգնել տասնյակ հազարավոր մարդկանց: Ուրախ ենք տեսնել Orange Հիմնադրամին մեր ռազմավարական գործընկերների շարքում և ցանկանում ենք Շիրակի և Արագածոտնի բնակչության անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել ցուցաբերած աջակցության համար: Մեզ հաճելի է, որ Orange-ը Հայաստանում կարողանում է ներկայացնել կորպորատիվ բարեգործություն իրականացնելու նման բարձր մակարդակի օրինակ», - ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ծրագրի նախորդ փուլում, որն անցկացվել էր Շիրակի մարզում, ակնային հետազոտություն էին անցել 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ, շուրջ 640 մեծահասակներ անցել էին խորացված հետազոտություն շարժական հիվանդանոցում, տրամադրվել էր շուրջ 2000 ակնոց, իրականացվել էին շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ: Շիրակի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:
Նշենք, որ Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում