Փորձագետ. Ադրբեջանի սպառազինումը ռազմական տեսանկյունից մեծ արդյունավետություն չունի
«Կարծես պատահական այսօր ռուսական հեղինակավոր НВО ռազմավերլուծական թերքի կայքում հայտնվեց Սոխբետ Մամեդովի՝ «Բաքուն մկաններ է աճեցնում, Ադրբեջանական բանակը կզինվի նորագույն զենքով և տեխնիկայով» հոդվածը: Դժվար չէ նկատել որ ադրբեջանցի հոդվածագիրը մեծ հպարտությամբ է խոսում բյուջեի ծախսային մասի 14,8% տոկոսը կազմող 3 մլրդանոց ռազմական բյուջեի մասին: Նա ընթերցողին համոզում է որ ադրբեջանական բանակի կատարելագործվում, իսկ մեծ ծախսերը իրականացվում են ամբողջ երկրում ապահովելով համաչափ և դինամիկ զարգացում և այլն: Մի կողմ թողնելով այն սուտը որ այդ գումարներով Ադրբեջանը համաչափ է զարգանում և այլն, կենտրոնանք այն հարցի վրա, թե իրականում այս գումարներով ինչ ռազմական ներուժ է ձեռք բերում ադրբեջանական բանակը և որքան է դա վտանգավոր տարածաշրջանի համար»,- այս մասին Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ 1994թ. ի վեր Ադրբեջանը սպառազինվում է մեծ տեմպերով. տարբեր հաշվարկներով հայտնի է, որ մինչև 2004-2005թթ. Ադրբեջանը սպառազինությունների ձեռքբերման համար տարեկան օգտագործում էր կամ ցուցադրում մինչև 300 մլն դոլար գումար:
«Այսինքն` հրադադարի հաստատումից մինչև նշված ժամանակ ծախսվել էր մոտ 3 մլրդ դոլար: 2005-2006թթ. սկսվեցին կտրուկ ավելացումներն այս ոլորտում, դրանք կազմում են մոտավորապես 5-7 մլրդ դոլար: Ընդհանուր ստացվում է մոտ 10 մլրդ դոլար: Իհարկե, որոշ սպառազինություններ, հիմնականում նախկին ԽՍՀՄ-ի երկրներից, բոլորովին այլ արժեք են ներկայացվում, իսկ իրականում այլ արժեքով են ձեռք բերվում: Եթե վերը նշված ընդհանուր գումարն իրական թվերից շեղված է, ապա միայն դեպի նվազում, այսինքն ադրբեջանական ծախսերը իրականում ավելի մեծ կարող են լինել քան 10 մլրդ դոլարը:
Ամեն դեպքում ի՞նչ ունի ներկայումս Ադրբեջանը ծախսելով 10 կամ ավելի մլրդ դոլար գումար: Մենք հիմնականում ներկայացնենք հարձակողական մեծ սպառազինությունները` հրետանի, զրահամեքենաներ, ՌՕՈւ-երը: Ըստ հայտնի տվյալների, ներկայումս ադրբեջանական բանակում կա 400-600 «Т-72» և ավելի հին «Т-55» հրասայլ, 700-1000 մարտական մեքենա, մոտ 100-150 մարտական և ուսումնական թռող սարք, 600-800 միավոր սովորական հրետանային միջոցներ առանց ականանետերի:
Զրահատեխնիակայի ոչ քանակը ոչ որակը առավել ևս ոչ մի առավելություն չունի հայկական կողմի նկատմամբ: ՌՕՈւ-երը, որոնք որոշ փորձագետների գնահատմամբ ահեղ են, իրականում զինված են հնացած տեխնիկայով, չունեն ճամանակակից հարվածային և ղեակավարման միջոցներ և ընդհանրապես քիչ արդյունավետ են լեռնային պայմաններում կիրառելու համար:
Բոլոր նշված զենքերից հիմնականում ուշադրության են արժանի մարտավարական հրթիռային «Точка-У» (9К79-1) համալիրները, «Смерч» (9К58) և «Lynx» ՀԿՌՀ-ները: Դրանցից առաջինը և վերջինը համարվում են գերճշգրիտ սպառազինություն, չնայած հայտնի տվյալներով դրանց քանակը խիստ սահմանափակ է: Մինչև 8-10 հրթիռ «Точка-У» (9К79-1)-ի համար և մոտ նույնքան էլ հրթիռ «Lynx»-ի մեծ տրամաչափի համար: Իսրայելական այս համակարգի ոչ բոլոր տեսակի հրթիռներն են գերճշգրիտ, իսկ ռուսական «Смерч» (9К58)-ն ինչքան էլ ներկայացվում է որպես հզոր հարձակողական միջոց, այնուամենայնիվ, Ադրբեջանում դեռ գերճշգրիտ չէ:
Իսրայելական «Lynx» ՀԿՌՀ-ի և դրանց հզոր «EXTRA» հրթիռի վերաբերյալ կան որոշակի խնդիրներ: Ղազախստանում` («Նայզա» անվանում ստացած) համանման ՀԿՌՀ դիվիզիոնը 300 մմ հրթիռներով հանդերձ գնելու կապակցությամբ առաջացրել է մեծ դժգոհություն: Ձերբակալվել են այդ երկրի պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: Պարզվել է, որ իսրայելական «Israel Military industries – Soltam Systems LTD» ընկերությունների արտադրած հիշյալ ՀԿՌՀ-ները և հրետանային համակարգերը փորձարկման ժամանակ դրսևորել են էական կառուցվածքային և տեխնոլոգիական թերություններ և թերմշակվածություններ: Ընդհանրապես Սեպտեմբերի 21-ի զորահանդեսից հետո պարզ դարձավ որ հարձակողական ընդհանուր պոտենցիալով ադրբեջանական բանակը ոչ միայն ոչ մի առավելություն չի ստացել, այլ նաև զիջում է հայկական կողմին:
Փաստորեն նավթադոլարները առնվազն 15 տարում ոչինչ չեն տվել: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի ներկայիս սպառազինության գերակշիռ մասը հնացած է կամ տեխնիկապես և/կամ բարոյապես: Ավելի քան 10 մլրդ դոլար գումար ծախսելուց հետո նրանք ձեռք են բերել մեծաքանակ սպառազինություն, որի կյանքի տևողությունն առավելագույնը 20-25 տարի է, երբեմն` ավելի քիչ: Այսինքն, այդ` ավելի քան 10 մլրդ դոլարը, հիմնականում անցյալ պատերազմների զենք են և կարճ ժամանակ անց կարող են խոտան դառնալ: Ավելին բոլոր այս զենքերով հանդերձ նրանք ոչ մի առարկայական առավելություն չունեն հայկական ուժերի նկատմամբ: Ներկայումս շրջանառության մեջ են դրվում այն տեսակետները, որ նրանք այսուհետ ձեռք են բերելու թանկարժեք, նորագույն և հիմնականում գերճշգրիտ սպառազինություն: Ավելին` զուգահեռ նաև արտադրելու են այդպիսինները: Որպես օրինակ են բերվում հենց վերջին մի քանի ձեռքբերումներն Իսրայելից, պայմանագրեր են կնքվում ուկրաինական հրթիռների արտադրության ոլորտում և այլն: Այդ մասին մեզ այսօր ներից հիշեցնում է նաև Սոխբետ Մամեդովը: Փորձենք հասկանալ նաև այս իրադրությունը.
Սկզբի համար եկեք հասկանանք թէ ինչ է գերճշգրիտ զենքը և ով է դրա օգտագործողը: Ո՞րն է կոչվում գերճշգրիտ սպառազինություն և հիմնականում ինչի՞ համար է այն նախատեսված: Պարզ լեզվով ասած գերճշգրիտ զենքերը դրանք հիմնականում ավիառումբերը, տարատեսակ հրթիռները և հրետանային այն միջոցներն են, որոնք ունեն սխալվելու շատ փոքր հավանականություն: Նշանակետից կարող են շեղվել մի քանի սանտիմետրից մինչև 1-2 մետր: Սակայն, բնականաբար, գերճշգրիտ զենքը պետք է ունենա նաև իր կրողը և կիրառողը` բարձրակարգ տեխնիկական միջոցը և հմուտ մարտիկը: Օրինակ, ավիառումբերը պետք է կիրառվեն համապատասխան թռչող սարքերից, փորձառու օդաչուների կողմից: Ինչպես վերը նշեցինք, ներկայումս ադրբեջանական ՌՕՈւ-երում չկա մեկ նման սարք, որը կարող է կիրառել բարձրակարգ գերճշգրիտ հարվածային միջոց, ավելին` դրանցից ոչ մեկը տեխնիկական և այլ պատճառներով գրեթե հնարավոր չէ կատարելագործել այդ գործը գլուխ բերելու համար: Նման թռչող սարք ղեկավարող և նման միջոց կիրառող օդաչուն էլ չի աճեցվում ինչ որ ինկուբատորում: Պետությունները դրա համար ծախսում են տասնյակ տարիներ և հսկայական միջոցներ: Հրետանին հիմնականում ներկայացված է խորհրդային հին նմուշներով, որոնք ոչ միայն նման արկեր կիրառել չեն կարող, այլ նաև դրա համար կատարելագործվել չեն կարող:
Եթե ադրբեջանական բանակն իրականում ունենա գերճշգրիտ հարձակողական միջոցների համապատասխան տեսականի և քանակ, պետք է ձեռք բերի բոլորովին նոր տեսակների թռչող սարքեր և հրետանային միջոցների մեծ քանակություն, իսկ այն 10 մլրդ դոլարով գնածները և մոտ կրկնակի եղածներն էլ որպես խոտան դեն նետի: Օրինակ, 50 միավոր հրետանային նման միջոցի ձեռքբերման համար նվազագույնը հարկավոր է 100-150 մլն դոլար, այն էլ` առանց համապատասխան արկերի: Մեկ գերճշգրիտ արկն արժի 50 000-100 000 դոլար: Ինչքան էլ ադրբեջանական հանքերը նավթադոլարներ են բերում, չենք կարծում, որ նրանք պատրաստ են նոր 600 հրանոթներ գնեն` վճարելով 1,5-3 մլրդ դոլար, դրանց համար գոնե մեկ միլիարդ էլ արկեր գնեն` չհաշված լրացուցիչ` սպասարկման և այլ ծախսերը, որոնք սովորաբար կազմում են ընդհանուր ծախսերի մոտ 30 %-ը: Չհաշված այդ ամենը կիրառողների բանակի պատրաստումը, որը գրեթե անհնար է և ոչ միայն ֆինանսական պատճառներով:
Ադրբեջանի նման մտադրություն չունենալու մասին լավագույնս խոսում է թուրքական 107 և 122 մմ-ոց հրթիռների արտադրության հիմնումը և Չինաստանում մարտավարական հրթիռների որոնումը: Մենք այստեղ նշեցինք զուտ հրետանու մասին, իհարկե, միայն հրետանին չի կարող ապահովել այս խնդրի լուծումը: Օդուժը այդ մակարդակի բերելու համար չեն բավարարի արդեն 30-40 մլրդ դոլարը, իսկ ժամանակի մասին խոսելն անգամ ավելնորդ է:
Հնարավոր է, իհարկե, ժամանակի հետ կատարելագործումը և որոշակի մակարդակի բարձրացումը, սակայն միևնույնն է դա ճանապարհ է, որը պահանջում է ո՛չ մեկ տասնամյակ, և ո՛չ մեկ տասնյակ միլիարդ դոլար: Ներկայումս ադրբեջանական վերնախավը ստիպված է ընտրություն կատարել` կամ շարունակել սպառազինությունների մրցավազքը` գնելով, յուրացնելով և արտադրելով հնարավորինս շատ` հետևաբար արդեն հնացած զենքեր, թե ծախսելով միանգամից մի քանի տասնյակ միլիարդ, հիմնովին փոխել և ձեռքբերել նորը` գերժամանակակիցը: Առաջինի դեպքում մարտավարությունը հին է, իսկ նոր քայլերի դեպքում նաև ավելի քան մեկ տասնամյակ իրականացրած ծրագրի ղեկավարներին հարկավոր կլինի գնդակահարել` պետական միջոցներն անհիմն վատնելու մեղադրանքով: Դեռ թարմ են գեներալ Ռզաևի սպանության տպավորությունները: Առայժմ բոլոր քայլերը խոսում են առաջին տարբերակի օգտին, որը քաղաքական և տնտեսական շատ շահարկումների առումով էլ է հարմար: Իսկ երկրորդ տարբերակի իրականացումը ավելի մութ խորթուբորդեր ունի….
Իհարկե, հնամաշ զենքերի անկասելի հոսքը մեծ լարվածություն է առաջացնում տարածաշրջանում և դա չի անդրադառնում միայն Հայաստանի վրա: Ադրբեջանը զենքեր է գնում ոչ թե հաղթական պատերազմի, այլ հենց տարածաշրջանում անկայունության հրահրման և դրանով ինչ որ ներքին ու արտաքին հարցեր լուծելու համար:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարավային Կովկասի, այլև առավել լայն ընդգրկմամբ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Նա մասնավորապես ասել է.
«Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված առաստաղների բազմակի գերազանցումը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարավային Կովկասի, այլև առավել լայն ընդգրկմամբ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Ստեղծված պայմաններում Հայաստանը հարկադրված է առավել մեծ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի արդիականացմանը` որպես տարածաշրջանում ռազմատենչ նկրտումների զսպման ու կայունության ապահովման կարևոր գործոնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան