Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ
Բունդեսթագի Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովը նոյեմբերի 9-ին բանաձև է ընդունել` պահանջելով Ադրբեջանից հավատարիմ մնալ Եվրախորհրդի առջև իր ունեցած պարտավորություններին։
Այս բանաձևին կողմ են քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը (CDU), Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP), Գերմանիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը (SPD), Կանաչները (Die Grünen), իսկ Ձախերը (Die Linke) ձեռնպահ են մնացել։
Որոշման մեջ ասվում է. «Ադրբեջանը 2001թ.-ից Եվրախորհրդի անդամ է և 2002թ. ապրիլին ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ պարտավորությունները Ադրբեջանն ինքն է ստանձնել և պարտավոր է կատարել դրանք։ 2009թ. մարտին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Քրիստոֆ Շթրեսերին այդ երկում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող է նշանակել, ինչը նշանակում է, որ նա ազատ մուտք պետք է ունենար Ադրբեջանի կալանավայրեր։ Չնայած բազմաթիվ պահանջներին` այդ երկիրը հրաժարվում է նրան մուտքի արտոնագիր տրամադրել։
Միաժամանակ քաղբանտարկյալների վիճակն այդ պետությունում մտահոգությունների տեղիք է տալիս։ Ընդդիմադիրները, լրագրողները և բլոգերները ահաբեկման են ենթարկվում և բանտարկվում։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ Եվրախորհուրդն իր զեկուցողի միջոցով պատկերացում կազմի, թե ինչքանով են պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներն Ադրբեջանում։
Բունդեսթագի Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովը
- Եվրախորհրդի անդամ երկրներից ակնկալում է ընդունած պարտավորությունների կատարում, այդ թվում` համագործակցություն լիազորված զեկուցողների հետ,
- պահանջում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Շթրեսերին մուտք գործել իր երկիր,
- պահանջում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս որպես Եվրախորհրդի անդամ կատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները և միջոցներ ձեռնարկի պաշտպանելու եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
- ողջունում է Գերմանիայի կառավարության ջանքերը` որոնք ուղղված են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը»։