Ա.Բախշյան. «Արդյո՞ք առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորումը հասնում է հենց նրանց»
Վերջին մի քանի շաբաթներում, ինչ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը քննարկվում է Ազգային Ժողովում ու ըստ այդմ որակվում իբրև սոցիալական, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բերում է հստակ օրինակներ այն բանի, որ նախագիծն ամենևին էլ սոցիալական չէ: Որովհետև մեր երկրի ամենախոցելի խմբերը` հաշմանդամները, մանկատան շրջանավարտները և այլն, ըստ նրա, անտեսված են:
Կա ևս մեկ խնդիր, որ մտահոգում է պատգամավորին` 2012թ-ի ֆինանսական փաստաթղթով 275 երեխայով համալրվելու է Հայաստանի հատուկ դպրոցների աշակերտների թիվը, մինչդեռ ըստ ամենայնի, հանրակրթական դպրոցների երեխաների ու հատուկ տիպի դպրոցների երեխաների ֆինանսավորումը մի քանի անգամ ավելին է.
«Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը հնարավորին բոլոր պարտավորություններով ու միջազգային կոնվենցիաներով պարտավորվել է գնալ հակառակ ուղղությամբ` բեռնաթափել հատուկ դպրոցները: Ինչպե՞ս հասկանալ, որ բյուջեն պատրաստվում է 275 երեխայով ավելի ֆինանսավորում տրամադրել հատուկ դպրոցներին»,- Panorama.am-ի հետ զրույցում կիսեց իր մտահոգությունները տիկին Բախշյանը:
Այս ամենը հանգեցրել է նրան, որ պատգամավորը նախօրեին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարցում է ուղղել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՎՊ 2012թ-ի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների թվում առկա են միայն մարզային հանրակրթական դպրոցները.
«Տարեկան այդ ծրագրում ներառված չեն Երևանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, ինչից ելնելով էլ պարոն Զաքարյանին առաջարկել եմ ստուգել հատկապես Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետությունը, ինչպես նաև «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական բյուջեով ֆինանսավորվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացումը»,- տեղեկացրեց Ա.Բախշյանը:
Ընդդիմադիր պատգամավորին մասնավորապես հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչպե՞ս են ծախսվում ներառական կրթություն ստացող երեխաներին բյուջեից տրամադրվող գումարները, այլև արդյո՞ք դրանք ուղղվում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այդ երեխաներին համապատասխան միջավայր դպրոցում ստեղծելուն: Օրինակ` արդյո՞ք բոլոր 27 ներառական դպրոցներում առկա են թեքահարթակներ և այլն.
«Նման ուսումնասիրությունն ուղղակի անհրաժեշտություն է հատկապես այս պահին, քանի որ Հայաստանը ձգտում է որդեգրել համընդհանուր ներառական կրթության ներդրման քաղաքականություն և որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն արվում են: Այնպես որ ուղղակի պարտավոր ենք զերծ մնալ ֆինանսական հնարավոր ռիսկերից»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան