Իրանի դեսպան. ԱԷՄԳ-ի մեղքով իրանցի գիտնականները հայտնվել են ահաբեկչական խմբերի թիրախում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մեղքով իրանցի գիտնականները հայտնվել են ահաբեկչական խմբերի թիրախում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյին ուղղված բողոքի նոտայում նշել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ դեսպան Ալի Ասղար Սոլթանինեն:
Իրանցի դիվանագետը նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, հրապարակելով իրանցի գիտնականների անունները, վերջիններիս կանգնեցրել է մի շարք ահաբեկչական խմբերի սպառնալիքի առջև:
Սոլթանիեն, քննադատելով Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ Յ.Ամանոյի հրապարակած զեկույցը, նշել է, որ այն, ոչ միայն իրատեսական չէ, այլև քաղաքական բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն նոյեմբերի 9-ին հրապարակված զեկույցում նշել էր, որ Իրանը մինչև 2003 թվականը աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ինչին ի պատասխան, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի, եթե Իրանը ցանկանա ինչ-որ բան ստեղծել, ապա ոչ ոքից չի վախենա, եթե ցանկություն ունենա որևէ մեկին հարվածելու, ապա դա անաղմուկ կիրականացնի: