Է. Շարմազանով. Հայաստանը երբեք Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի դարձնի
«Հարևանների հետ «զրո խնդիրների» քաղաքականության ձգտող քաղաքական գործչին ևս մեկ անգամ զգուշացնեմ, որ պետք չէ հավելյալ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հանձնաժողով ձևավորել:
Պատգամավորը նշեց, թե Հայաստանը երբեք Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի դարձնի, քանի որ դա փաստ է, ինչն ընդունել է ողջ առաջադեմ հանրությունը:
Ըստ նրա, դա ոչ թե պատմական, այլ քաղաքական խնդիր է ու դրան պետք է տրվի քաղաքական լուծում. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
«Առանց անցյալի ոճրագործությունների ճանաչման առաջընթացի չի արձանագրվի: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է դառնալ եվրոպական արժեքներ կրող պետություն, ապա նա ունի մեկ ճանապարհ՝ դատարկամիտ բաներ չխոսել, չփորձել խնդիրը տեղափոխել պատմական հարթություն, այլ անցնել գործնական քայլերի՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ժամանակին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանության առնչությամբ նույն կերպ վարվեց Գերմանիան»,- հիշեցրեց Է. Շարմազանովը: