Սփրեդը կարագի անվան տակ իրացնող 10 ընկերություններ տուգանվեցին 3-ական մլն դրամով
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի այսօրվա նիստում հրապարակվեցին կարագի և բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Այսպես, իրավախախտումները կատարվել են 2 ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Հանձնաժողովը բացահայտել է նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն վաճառել է որպես կարագ:
Նշենք, որ ներկրողներն են «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել Աննա», «Ֆելիքս-Սարգ», և «Արդիս» ընկերությունները, իսկ սուպերմարկետներն են` «Ալեքս-Գրիգ»-ը, «ՍԱՍ գրուպ»,-ը, «Սթար Դիվայդ»-ը, «Ֆրեշ»-ը և «Նոր Զովք»-ը:
Հանձնաժողովի նիստում չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունեցին խախտումները և վստահեցրին, որ բացահայտումից հետո խախտումները վերացրել են և խոստացան, որ իրենց գործունեության ընթացքում նման դեպքերը կբացառեն: Սակայն պետք է նկատել, որ ընկերությունների ներկայացուցիչները հիմնականում մեղքը բարդեցին իրենց աշխատակիցների վրա` ասելով, որ խախտման պատճառը իրենց մասնագետների կողմից գիտելիքների ոչ բավարար իմացությունն է:
Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կազմեց 30 մլն դրամ:
ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը տնտեսվարողներին զգուշացրեց, որ եթե երկրորդ անգամ նման խախատումներ հայտնաբերվեն, ապա տուգանքի չափը մի քանի անգամ ավելի կլինի:
Հիշեցնենք, որ կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ Հանձնաժողովը հայտնաբերել էր մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ վաճառքի մեկ տասնյակից ավելի կետերից կատարվել է կարագի հսկիչ գնում և հանձնվել է լաբորատոր փորձաքննության: