Ինտերնետ ծառայություններ` կույր և վատ տեսողություն ունեցող անձանց համար
«Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի առաջին հարկում բացվեց կույր և վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն: «Կենտրոնը աջակցելու է ֆիզիկական սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց, որոնք կարող են անվճար այստեղի ծառայություններից օգտվել և սովորել: Ինտերնետային հասանելիության կենտրոնում հազարավոր հայեր հնարավորություն կունենան ոչ միայն հաղորդակցվել համացանցի միջոցով, այլև սովորել և հեռահաղորդակցության բոլոր հնարավոր միջոցներով կատարելագործվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն ու ընդգծեց, որ ԱՊՀ-երկրներից միայն հինգ երկիր ունի նման հնարավորություն:
Նշենք, որ Կենտրոնը ստեղծվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի նախաձեռնությամբ, ինչպես նաև կրթության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի մասնակցությամբ:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը նշեց, որ մոտ կես տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում այսօր բացվում է առաջին կենտրոնը, որ հնարավորություն կտա կույր և վատ տեսնող մարդկանց ինտերնետից օգտվել անվճար: Նա ասաց, որ տարածքն անվճար տրամադրել է «Հայփոստը», իրենք` ինտերնետը, ուսուցումն իրականացնելու են կույրերի միության ուսուցիչները, ովքեր առաջիկա երկու օրերի ընթացքում կանցնեն հատուկ նախապատրաստական դասընթացներ` Ռուսաստանից ժամանած մասնագետի մոտ:
Գ.Սաղյանը նաև ասաց, որ դեռ պարզ չէ, թե որ համակարգչային ծրագիրն ավելի կիրառելի կլինի` բրայլյան այբուբենը, թե տեսաձայնայինը: Ծրագրերը, որոնք կկիրառվեն կենտրում, ուղեցուց կլինեն ու սահմանափակ տեսողություն ունեցող մարդիկ նույն այդ ծրագրերը կկիրառեն նաև իրենց տանը:
Նշենք, որ սարքավորումն իրենից ներկայացնում է տպիչ հատուկ սարք, որ թույլ է տալիս լսել, ինտերակտիվ գրատախտակ և աուդիո գիրք: Սարքավորումն ամբողջությամբ արժեցել է 100 հազար դոլար: Ինտերնետային հասանելիության կենտրոնն աշխատելու է անվճար, բոլոր աշխատանքային օրերին: Կենտրոնի 15 համակարգչից 10 ընդհանրապես տեսողություն չունեցողների համար է, մնացած 5-ը` վատ տեսողություն ունեցողների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին